Գրիգորի Խաչատուրովի խափանման միջոց կալանքը վերացնելու մասին պաշտպանների բողոքի քննության վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի հունիսի 10-ին։ Այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց Գրիգորի Խաչատուրովի պաշտպան Հակոբ Ենոքյանը։
Նշենք, որ այսօր՝ հունիսի 7-ին, Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը դռնփակ նիստում քննեց ՀՀ ԶՈՒ 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի խափանման միջոց կալանքի դեմ պաշտպանների բողոքը։
Պաշտպան Հակոբ Ենոքյանի խոսքով՝ իրենք թեպետ միջնորդել են վերացնել կալանքը, բայց դատարանը կարող է առաջարկել այլ խափանման միջոց։
Հիշեցնենք, որ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի որդին՝ Գրիգորի Խաչատուրովը, մարտի 16-ից կալանավորված է և կալանքի ժամկետը մեկ անգամ արդեն իսկ երկարաձգվել է. մայիսի 15-ին Հակակոռուպցիոն դատարանը որոշում էր կայացրել 3 ամսով երկարաձգել Գրիգորի Խաչատուրովի կալանքի ժամկետը, որի դեմ էլ պաշտպանները վերաքննիչ բողոք էին ներկայացրել։
Գրիգորի խաչատուրովը մեղադրվում է փողերի լվացման համար՝ փետրվարի 21-ին նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցվեց պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելու համար։