Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այն ամենը, ինչ մենք մեր մեքենաներով տեղափոխում ենք Արցախ, ամբողջությամբ կարող է ստուգման ենթարկվել Ադրբեջանի մաքսակետում․ ԿԽՄԿ Արցախի ներկայացուցիչ

Այն ամենը, ինչ մենք մեր մեքենաներով տեղափոխում ենք Արցախ, ամբողջությամբ կարող է ստուգման ենթարկվել Ադրբեջանի մաքսակետում․ ԿԽՄԿ Արցախի ներկայացուցիչ
Հասարակություն
19:37, 11 июль 2023
«Այն ամենը, որ մենք մեր ավտոներով տեղափոխում ենք Արցախ՝ դրանք ամբողջությամբ կարող են ստուգման ենթարկվել Ադրբեջանի մաքսակետում»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց ԿԽՄԿ Արցախի ներկայացուցիչ Էթերի Մուսաելյանը։

 Նրա խոսքով՝ ադրբեջանական մաքսակետում իրենց ապրանքների ստուգումը ապօրինի գործընթաց չէ․ «Դա նորմալ է, որ մեր ավտոմեքենաները ստուգվում են, սա է ընթացակարգը»։

 Հարցին՝ դա եռակո՞ղմ պայմանավորվածություն է, Մուսաելյանն արձագանքեց․ «Այո, դա ընդհանրապես Կարմիր Խաչի աշխատանքի պրակտիկան է։ Եվ քանի որ Լաչինի միջանցքով այդ շարժը կենսական նշանակություն ունի հազարավոր մարդկանց համար՝ աշխատանքները պետք է շարունակվեն»։

Արցախի առողջապահության նախարարությունից էլ ընդգծեցին, որ մինչ այս պահը չի վերականգնվել ԿԽՄԿ մեքենաների երթևեկությունը։ Ըստ Արցախի ԱՆ-ի տարածած հաղորդագրության՝ ավելի քան 186 բուժառուներ սպասում են իրենց տեղափոխությանը Հայաստանի մասնագիտական բժշկական կենտրոններ՝ անհապաղ բուժօգնություն ստանալու համար:

Հիշեցնենք, որ այսօր Ադրբեջանը կրկին փակել է դեպի Արցախ երթևեկությունը ԿԽՄԿ մեքենաների համար, քանի որ ԿԽՄԿ-ի տարբերանշանով ավտոմեքենաներում ըստ ադրբեջանական մեկնաբանության՝ մաքսանենգ ապրանք է հայտնաբերվել՝ մասնավորապես բենզին, ծխախոտ, բջջային հեռախոսներ։

 ԿԽՄԿ-ն արդեն իսկ պարզաբանել է կատարվածը՝ ընդգծելով, որ կազմակերպությունը տեղեկացված չի եղել այդ ապրանքների մասին, քանի որ նշված ապրանքներ տեղափոխող վարորդները ԿԽՄԿ աշխատակիցներ չեն եղել, պարզապես նրանց հետ ծառայությունների մատուցման պայմանագրեր են կնքված եղել, որոնք արդեն իսկ լուծվել են։