Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Պատկեր-ացման ձևեր»․ բացվել է երիտասարդ նկարիչներ Աշոտ Փաշինյանի և Վահագն Մանգասարյանի աշխատանքների ցուցահանդեսը․ Տեսանյութ

Երեկ Երևանի Հրաչյա Քոչար 13 հասցեում գործող «Ստուդիո 20» արվեստանոցում տեղի ունեցավ Աշոտ Փաշինյանի և Վահագն Մանգասարյանի ընտրված աշխատանքների ցուցահանդեսի բացումը։

Ցուցահանդեսը կանցկացվի հունիսի 13-ից հուլիսի 7-ը ։

«Պատկեր-ացման ձևեր» խորագրով այս ցուցադրությունը, առաջին համագործակցությունն է երիտասարդ նկարիչների և Արտ բազիսի միջեւ, որի արդյունքում կցուցադրվեն նախկինում հանրայնորեն չցուցադրված գործեր։

Ցուցահանդեսին ներկայացված են արվեստագետների լակոնիկ ու հստակ նկարված աշխատանքները՝ ինքնադիմանկարների եւ նատյուրմորտների, ճեպանկարների միջոցով։

Ցուցահանդեսի բացմանը ներկա էին տարբեր սերունդների բազմաթիվ նկարիչներ և արվեստագետներ, ինչպես նաև հասարակական-քաղաքական գործիչներ։ Օրվա վերջում որդու ցուցահանդեսը դիտելու էր եկել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փշինյանը՝ տիկնոջ և դստեր հետ։

Նշենք նաև, որ երկու արվեստագետներն էլ կիսատ թողնելով արվեստի ակադեմիական կրթությունը՝ ստեղծել են անընդհատ նկարելու, սովորելու, իրարից սովորելու և իրար հետ սովորելու մի փորձառություն, որտեղ գույնի, գծի և պատկերի պատկեր-ացումները քաղաքական դիրքորոշում արտահայտելու այնպիսի ազդեցիկ ձևեր են՝ անդասակարգ հասարակության դրությունը մոտեցնելու համար։

Արվեստագետները մի կողմ են թողել տրադիցիայով եկած աստիճանակարգային այնպիսի սխեմաները, երբ ինչ-որ երկարատեւ տքնաջան փնտրտուքներից հետո նկարիչը պետք է գտնի բնորոշելի իր պատկեր-ացման ձեւը՝ արտադրելով նկարաշարեր՝ մրցակցող հանրությունների պահանջների համար։