Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ես միշտ երազանք եմ ունեցել թավջութակը ներկայացնել երիտասարդներին և տեսնել դասական երաժշտությունը ավելի տարածված ու սիրված»․ Հաուսեր

«Ես միշտ երազանք եմ ունեցել թավջութակը ներկայացնել երիտասարդներին և տեսնել դասական երաժշտությունը ավելի տարածված ու սիրված»․ այսպես պատասխանեց խորվաթ թավջութակահար Ստեփան Հաուսերը հարցին, թե ինչպես ծնվեց նման երաժշտություն ստեղծելու ցանկությունը։ 

Հունիսի 17-ին «Հայա» փառատոնի շրջանակներում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա աշխարհահռչակ թավջութակահար Ստեփան Հաուսերի համերգը։ 

«Հայա» ամենամյա միջազգային փառատոնը արդեն 2-րդ տարին է, ինչ ներկայացնում է իրադարձային համերգներ Երևանում։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց փառատոնի հիմնադիր տնօրեն Սոնա Հովհաննիսյանը։   

Հայաստան ուղևորվելիս իր ծննդյան օրը օդանավում անցկացրած երաժիշտը կիսվեց հաջողության իր բանաձևով. «Ամենակարևորը միշտ հավատարիմ մնալ ինքդ քեզ, լինել իրական, չնմանվել ուրիշներին, չփորձել հետևել թրենդներին, քանի որ դու պիտի անես այն, ինչ քոնն է, և  երբեք չհանձնվել անկումներից»։ 

Ասուլիսի ավարտին «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը երաժշտական համարով անակնկալ մատուցեց Հաուսերին։ 

Նշենք, որ սա երաժշտի առաջին այցն է Հայաստան և առաջին համերգը նոր շրջագայության, իսկ նոր ալբոմները լույս կտեսնեն առաջիկայում։

Աննա Դեինյան