Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թբիլիսիում կայացավ «Քաղաքապետների դաշնագիր»՝ Արևելք ծրագրի համաժողովը. քաղաքներն անցնում են «կանաչ» էներգիայի՝ նվազեցնելով արտանետումներն ու բարձրացնելով էներգետիկ անկախությունը. ՀՀ-ից ավելի քան 20 քաղաք է միացել դաշնագրին

Թբիլիսիում կայացավ «Քաղաքապետների դաշնագիր»՝ Արևելք ծրագրի համաժողովը. քաղաքներն անցնում են «կանաչ» էներգիայի՝ նվազեցնելով արտանետումներն ու բարձրացնելով էներգետիկ անկախությունը. ՀՀ-ից ավելի քան 20 քաղաք է միացել դաշնագրին
Տարածաշրջան
17:20, 29 ноябрь 2022
ԵՄ կողմից ֆինանսավորվող «Քաղաքապետների դաշնագիր՝ Արևելյան գործընկերություն» ծրագրի շրջանակներում 2022 թվականի նոյեմբերի 29-30-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում անցկացվեց «Քաղաքապետների դաշնագրի 10-ամյակն Արևելյան գործընկերության տարածաշրջանում» խորագրով բարձր մակարդակի համաժողովը։ Համաժողովին ներկա էին ավելի քան 150 մասնակից Հայաստանից, Ադրբեջանից, Վրաստանից, Մոլդովայից և Ուկրաինայից։ 

«Ես անչափ ուրախ եմ տեսնել, որ «Քաղաքապետների դաշնագիր» նախաձեռնությունն Արևելյան գործընկերության տարածաշրջանում պատրաստ է իր նպաստը բերել գլոբալ տաքացումը մինչև 1,5°C-ով սահմանափակելու նպատակին: Մինչև 2030 թվականը արտանետումները 35%-ով կրճատելու հավակնությունը ցույց է տալիս, որ ձեր համայնքային իշխանություններն իսկապես լուրջ են մոտենում այս մարտահրավերին: Արևելյան գործընկերության տարածաշրջանը՝ ի դեմս 460 ստորագրող կողմերի, առաջատար և հիանալի օրինակ է տեղական իշխանությունների համար ամբողջ աշխարհում»,- իր խոսքում նշեց Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության Արևելյան հարևանության և ինստիտուցիոնալ զարգացման հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթը։

Տարբեր քաղաքների քաղաքապետներ, քաղաքապետների տեղակալներ ներկայացրին այն ծրագրերը, որոնք իրականացրել են իրենց համայնքներում այս դաշնագրի շրջանակներում։ Ծրագրի հիմնական նպատակը ածխաթթու գազի արտանետումների կրճատումն է մինչև 35 տոկոս, որը հիմնականում արվում է էներգախնայողության և մեքենաների արտանետումների կրճատումների հաշվին։ Ֆինանսավորումն ապահովում է Եվրոպական միությունը՝ իր տարբեր ծրագրերի միջոցով, նաև՝ համայնքներն ու երկրների կառավարությունները։
Երևանի քաղաքապետարանի Զարգացման ներդրումային ծրագրերի վարչության  «Զարգացման և ներդրումային ենթակառուցվածքային ծրագրերի» բաժնի պետ Նանա Աբելյանն ասաց, որ այս ծրագրով ի սկզբանե նախատեսված էր Երևան քաղաքի 90 բազմաբնակարան շենքերի տանիքներին տեղադրել արևային ֆոտովոլտային համակարգեր։ Քաղաքին հաջողվել է գերազանցել իրենց առջև դրված թիվը, և 90-ի փոխարեն 97 շենքում է ծրագիրն իրականացվել։ «Այն շենքերում, որտեղ ծրագիրն իրականացվեց, 50 տոկոս և ավելի խնայողություն ապահովվեց ընդհանուր տարածքներում վճարվող էլեկտրաէներգիայի համար, նաև բնակիչները ամեն տարի վաճառում են իրենց կուտակած էներգիան ՀԷՑ-ին և այնտեղից ստանում եկամուտ»,- ասաց Նանա Աբելյանը։ Ծրագրի ընդհանուր բյուջեն 1 մլն 250 հազար եվրո է կազմել, որից 1 միլիոնը ԵՄ կողմից դրամաշնորհ է, իսկ 250 հազար եվրոն ֆինանսավորել է քաղաքապետարանը։ Շենքերը, որոնցում իրականացվել է ծրագիրը, ընտրվել են նախօրոք մշակված սկզբունքով։ «Շենքերը անպայման պետք է լինեին 9-14 -հարկանի, պիտի ունենային հարթ տարածքներ, որտեղ կարողանայինք այդ պանելները տեղադրել, պետք է ունենային սոցիալական բաղադրիչ, այսինքն՝ «Փարոս» համակարգում գրանցված բնակիչներ, պետք է ունենային  առնվազն 2 մուտք և 2 գործող վերելակ, ինչպես նաև պետք է անցած լինեին սեյսմիկ փորձաքննություն»,- նշեց քաղաքապետարանի ներկայացուցիչը։ 

Ըստ Նանա Աբելյանի՝ Երևանում ամեն տարի ածխաթթու գազի արտանետումները նախնական հաշվարկներով  նվազում են 453 տոննայով։ 

Ուկրաինական Սլավուտիչ քաղաքը ևս «Քաղաքապետների դաշնագրի» անդամ է։ Քաղաքապետ Յուրի Ֆոմիչևը, բացի տարբեր միջոցառումներ իրականացնելուց, կարևորեց նաև հանգամանքը, որ այս ծրագրով իրենք պետք է կարողանան փոխել մարդկանց մտածելակերպը, պատկերացումները, թե ինչպես պետք է օգտագործել էներգիան։ «Քաղաքապետները չեն կարող միայնակ առաջ տանել այս գործընթացը։ Մարդիկ պետք է փոխեն իրենց մոտեցումները, պատկերացումները, որպեսզի մենք հաջողենք։ Համայնքի բոլոր բնակիչները պետք է այս ծրագրի մասնակիցը դառնան։ Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ՝  ներառել մեր բնակիչներին այս գործընթացում, և մենք տեսնում ենք, որ մարդիկ հետզհետե ավելի ուշադիր, ավելի հոգատար են դառնում շրջակա միջավայրի նկատմամբ»։

Մոլդովական Կանտեմիրա քաղաքի քաղաքապետ Ռոման Չուբաչուկը, անդրադառնալով խնդիրներին, որոնց հետ իրենք բախվում են, նշեց. «Խնդիրները միայն ֆինանսական չեն , այդ խնդիրն ունեն մեր բոլոր գործընկերները։ Թվում է, թե որևէ խնդիր պետք է չառաջանա շիկացման լամպը LED լամպով փոխարինելու ժամանակ, բայց ընթացքում պարզվում է, որ չկան բավարար թվով ոլորտային մասնագետներ՝ ծրագրերն իրականացնելու համար, և մեր ծրագրերի ամենացայտուն արդյունքներից մեկն էլ մարդկանց մասնագիտական կարողությունների բարձրացումն է»։

Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանն էլ նշեց, որ  բավական մեծ ծավալի աշխատանքներ են իրականացրել Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող տարբեր ծրագրերով։ ««Կանաչ կայուն կառավարման» ծրագրով նախատեսում ենք էլեկտրաավտոբուսներ ձեռք բերել, 2023 թվականի համար նաև սուբվենցիոն ծրագրով 10 էլեկտրաավտոբուս ձեռք բերել, որով մեր ունեցած արևային պանելների միջոցով ստացվող  էլեկտրաէներգիայով լիցքավորել։ Սա կապահովի արդյունավետ կառավարում թե՛ էկոլոգիական առումով, թե՛ տնտեսական։ Եվրոպական գրեթե բոլոր կազմակերպությունների հետ համագործակցում ենք»։

Գյումրին «Քաղաքապետների դաշնագրին» միացել է 2016 թվականին։ Այս ընթացքում բազմաթիվ ծրագրեր են իրականացվել ծրագրի շրջանակներում։ Մասնավորապես՝ բազմաբնակարան 3 շենք է ջերմամեկուսացվել, որի արդյունքում 30-50 տոկոսով էներգախնայողությունը բարձրացել է։ Ծրագիրն իրականացվել է սուբվենցիոն ծրագրով։ «Տնտեսման հետևանքով մարդիկ ավելի քիչ գազ կօգտագործեն, հետևաբար արտանետումն էլ պակաս կլինի։ Ձեռք բերվելիք 10 էլեկտրաավտոբուսները ևս կնպաստեն ածխաթթու գազի արտանետումների կրճատմանը։ Տեղադրել ենք արևային պանելներ համայնքային գրեթե բոլոր կազմակերպություններում՝ ՀՈԱԿ-ներում։ Աստիճանաբար գազից ամբողջապես անցնելու ենք արևային էներգիայի։ 2020 թվականին 2 մեգավատ են եղել արևային պանելները, 2023-ի համար նախատեսել ենք 2,8 մեգավատ։ Գրեթե բոլոր ՀՈԱԿ-ների տանիքներին տեղադրում ենք արևային պանելներ, որի շնորհիվ կունենանք բավական շատ էլեկտրաէներգիա, որով կկարողանանք ամբողջ քաղաքի տարածքում գիշերային լուսավորության ցանցը արդիականացնել, LED լամպերի անցնել»,- ասաց Գյումրիի քաղաքապետը։

Հայաստանից ավելի քան 2 տասնյակ համայնք է միացել «Քաղաքապետների դաշնագրին»՝ տարբեր տարիների ընթացքում։ 
Ծրագրի ներկայացուցիչը նշեց, որ այս դաշնագրին նոր միացող քաղաքները արտանետումների կրճատումը պետք է մինչև 2030 թվականը հասցնեն ոչ թե 30, այլ 35 տոկոսի. «Մենք ամեն կերպ օժանդակում ենք այն քաղաքներին, որոնք մասնակցում են այս ծրագրին՝ կազմակերպում ենք սեմինարներ, փոխայցելություններ են իրականացվում։ Կան քաղաքներ, որոնք մի փոքր առաջ են անցել այս խնդիրների հաղթահարման գործում և իրենց փորձով են կիսվում մյուսների հետ։ Դեռ 4 տարի ծրագիրը կընթանա, կամփոփենք արդյունքները, հետագան կտեսնենք հետո, դա կախված կլինի Եվրոպական միությունից»։  

Վովա Հակոբյան