Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Միրզոյանն ու Քուվեյթի ԱԳ նախարարը քննարկել են երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ընդլայնմանն առնչվող հարցեր

Միրզոյանն ու Քուվեյթի ԱԳ նախարարը քննարկել են երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ընդլայնմանն առնչվող հարցեր
---
16:44, 01 март 2024
Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Քուվեյթի Պետության արտաքին գործերի նախարար Աբդալլահ Ալի Ալ-Յահյայի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
 
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Աբդալլահ Ալի Ալ-Յահյային նախարար նշանակվելու կապակցությամբ և հայտնել պատրաստակամությունը համատեղ ջանքերով հարստացնել երկկողմ օրակարգը:

Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ընդլայնմանն առնչվող հարցեր՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով գործնական քայլեր ձեռնարկել տարբեր ոլորտներում առկա ներուժն իրացնելու ուղղությամբ: Երկուստեք ընդգծվել է, որ երկու ժողովուրդների միջև բարեկամական կապերն ու շփումներն արդեն իսկ լավ հիմքեր են ստեղծել, իսկ բարձրաստիճան փոխայցելությունները կարող են լրացուցիչ խթան հաղորդել ձևավորվող օրակարգին:

Քննարկվել են տարածաշրջանային անվտանգության հարցեր։ Նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին քննարկումները: Նախարար Միրզոյանն ընդգծել է ՀՀ դիրքորոշումը 1991 թ. Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հարցում հստակ հանձնառության և սահմանազատման հետագա գործընթացում առավել հստակության ապահովման կարևորության վերաբերյալ:
Անդրադարձ է կատարվել մարդասիրական բնույթի հարցերի:

Որպես խաղաղության և տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման օրակարգի մաս՝ Արարատ Միրզոյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, դրա տնտեսական առավելություններն ու ներդրումների համար ստեղծվող հնարավորությունները: