Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեկնարկում է «Եվրատեսիլ 2024»-ը․ «Լադանիվա» խմբի ելույթը մայիսի 9-ին է

Մեկնարկում է «Եվրատեսիլ 2024»-ը․ «Լադանիվա» խմբի ելույթը մայիսի 9-ին է
---
09:22, 07 май 2024
Մեկնարկում է «Եվրատեսիլ 2024»-ը։ «Առաջին ալիք»-ը հայտնում է, որ երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչը տեղի կունենա մայիսի 7-ին, իսկ Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խմբի ելույթը երկրորդ կիսաեզրափակչում է՝ մայիսի 9-ին:

«Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզրափակիչը՝ մայիսի 7-ին՝ ժամը 23։00-ին, ուղիղ Առաջինով:
«Լադանիվա»-ն Եվրատեսիլ 2024-ի երկրորդ կիսաեզրափակչում ելույթ կունենա 8-րդ համարի ներքո: Այս մասին հայտնում են Եվրատեսիլի հայաստանյան գրասենյակից:

Մրցույթի պաշտոնական էջում հրապարակվել են «Եվրատեսիլ 2024»-ի մասնակիցների ելույթների համարները:

Հայաստանն այս տարի «Եվրատեսիլ» երգի մրցույթում կներկայացնի «Լադանիվա» խումբը: Հանրային հեռուստաընկերությունը որոշումն ընդունել է ներքին ընտրությամբ։

«Լադանիվա»-ն, որի կազմում են հայազգի վոկալիստ Ժակլին Բաղդասարյանը և ֆրանսիացի մուլտիինստրումենտալիստ Լուի Թոմասը, հայկական ֆոլկի և համաշխարհային երաժշտական ազդեցությունների վառ միաձուլումն է: Բալկանյան մեղեդիներից մինչև մալոյայի, ջազի և ռեգգիի ռիթմեր. նրանց երգերն ընդլայնում են երաժշտության սահմանները՝ մեկտեղելով հայկական ավանդական մեղեդիները Լատինական Ամերիկայի, Աֆրիկայի և Ռեյունիոն կղզու լայնածավալ ճանապարհորդություններից ներշնչված հնչյունների հետ։ «Լադանիվա»-ի երաժշտությունը խմբի բազմաճյուղ ծագման և համաշխարհային մշակույթի նկատմամբ անհագ հետաքրքրության արտացոլումն է:

«Լադանիվա» անունը ներշնչված է արտաճանապարհային ամենագնաց մեքենայի անվանումից՝ խորհրդանշելով խմբի արկածախնդիր ոգին և նրա ճամփորդությունը տարբեր մշակույթների և ավանդույթների միջով: Ժակլինը և Լուին պատահաբար են իմացել, որ իրենց հայրերը Հայաստանում և Ֆրանսիայում ապրելիս նույն մեքենան են վարել, և այդպես էլ ծնվել է «Լադանիվա»-ն: