Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանը երբևէ չի դիմել Մոսկվային՝ դիզվառելիք կամ բենզին անհատույց մատակարարելու խնդրանքով․ ՏԿԵՆ

Երևանը երբևէ չի դիմել Մոսկվային՝ դիզվառելիք կամ բենզին անհատույց մատակարարելու խնդրանքով․ ՏԿԵՆ
Տնտեսություն
21:00, 06 октябрь 2023
ՌԴ ԱԳՆ-ն այսօր հաղորդագրություն էր տարածել, որում նշված էր, որ ի պատասխան Հայաստանի ղեկավարության դիմումի՝ Ռուսաստանը սկսել է հանրապետությանը անհրաժեշտ նավթամթերքի մատակարարումը։
 
«Խոսքը 15 հազար տոննա բենզինի և 20 հազար տոննա դիզելային վառելիքի մասին է։ Ինչպես հայտնի է դարձել գործընկերների հարցումից, Հայաստանում այս ոլորտում իրավիճակը բարդ է։ Երկիրը գրեթե հատել է ընթացիկ տարվա համար հաստատված հաշվեկշիռը։ Առջևում աշուն-ձմեռ ժամանակահատվածն է։ Ռուսաստանի աջակցությունը շատ ժամանակին և օգտակար կլինի: Չնայած ՌԴ կառավարության սեպտեմբերի 21-ին առևտրային բենզինի և դիզվառելիքի արտահանման ժամանակավոր արգելքի սահմանմանը, ռուսական կողմը 2013 թվականի դեկտեմբերին ստորագրված համապատասխան միջկառավարական համաձայնագրի շրջանակում ընդառաջել է իր դաշնակիցներին»,- նշված էր հաղորդագրության մեջ։

Այս առնչությամբ Civic.am-ը մեկնաբանություն խնդրեց ՀՀ ՏԿԵ նախարարությունից, որտեղից մեզ պատասխանեցին, որ Երևանը երբևէ չի դիմել   Մոսկվային՝ դիզվառելիք կամ բենզին անհատույց մատակարարելու խնդրանքով: 
 
«Համաձայն  2013թ․ կողմերի միջև կնքված գազի, նավթամթերքների, բնական ալմաստների մատակարարման ոլորտում համագործակցության  համաձայնագրի՝ յուրաքանչուր տարվա համար ՌԴ-ն ՀՀ-ի համար հաստատում է նավթամթերքների արտահանման ինդիկատիվ քվոտաներ: Բենզինի և դիզվառելիքի մասով այդ քվոտաները 2023թ. հոկտեմբերի սկզբին սպառվել են, և հայկական կողմը դիմել է քվոտաների ավելացման խնդրանքով, որը մասնակի բավարարվել է, ինչի արդյունքում ՀՀ ներմուծողները հնարավորություն են ստացել ՌԴ-ից գնել և ՀՀ ներմուծել 15 հազար տոննա բենզին և 20 հազար տոննա դիզվառելիք»,- հայտնում են նախարարությունից