Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գեղարքունիքի մարզպետը Ճամբարակում դիտարկել է բազմաբնակարան շենքերի բակային տարածքների բարեկարգման եւ փողոցների սալարկման աշխատանքները

Գեղարքունիքի մարզպետը Ճամբարակում դիտարկել է բազմաբնակարան շենքերի բակային տարածքների բարեկարգման եւ փողոցների սալարկման աշխատանքները
Տնտեսություն
22:06, 30 июнь 2023
 Ճամբարակ կատարած աշխատանքային այցի ընթացքում Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը դիտարկել է ՀՀ կառավարության կողմից   2021-2022 թվականներին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում  մի շարք բազմաբնակարան շենքերի բակային տարածքներում իրականացված ասֆալտապատման եւ բարեկարգման, ինչպես նաեւ մի շարք փողոցների սալարկման աշխատանքները։
Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, Ճամբարակի բազմաբնակարան շենքերի բակային տարածքների ասֆալտապատման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 136 միլիոն դրամ, որի 55 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 45 տոկոսը Ճամբարակի համայնքապետարանը։ Ասֆալտապատվել է բազմաբնակարան 10 շենքերի բակային տարածքները՝ 11 հազար 316 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով, որից 9218 քառակուսի մետրը կազմում են բակային հատվածները, 2098 քառակուսի մետրը՝ մայթերը։

Ծրագրի իրականացման արդյունքում Ճամբարակ քաղաքի բազմաբնակարան 10 շենքերի շուրջ 320 ընտանիք արդեն օգտվում են ասֆալտապատ բակային տարածքներից եւ մայթերից։

Ճամբարակ քաղաքում Գեղարքունիքի մարզպետը ծանոթացել է նաեւ Նարեկացի փողոցը Վերին Ճամբարակ թաղամասին կապող հետիոտնային սալարկված ճանապարհի վիճակին։

Իրականացված ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 16 միլիոն 830 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Ճամբարակի համայնքապետարանը։

Ծրագրի իրականացման արդյունքում ասֆալտապատվել է 375 քառակուսի մետր, սալարկվել 300 քառակուսի մետր մակերեսով հետիոտնային ճանապարհ։

Ճամբարակում մարզպետի վերջին կանգառը եղել է Բաբաջանյան փողոցում։ 2022 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում Ճամբարակ քաղաքում սալարկվել է նաեւ Բաբաջանյան փողոցը եւ ասֆալտապատվել գերեզմանոցի մուտքը։

Ասֆալտապատման, ջրահեռացման համակարգի կառուցման աշխատանքների պայմանագրային արժեքը կազմում է 102 միլիոն դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Ճամբարակի համայնքապետարանը։

Ծրագրի իրականացման արդյունքում գերեզմանոց տանող ճանապարհն ասֆալտապատվել է 400 քառակուսի մետր մակերեսով, Բաբաջանյան փողոցում սալարկվել է 2500 քառակուսի մետր ճանապարհ։

Դիտարկելով իրականացված աշխատանքները՝ մարզպետ Կարեն Սարգսյանը նշել է, որ մեկնարկած բոլոր ծրագրերը պետք է իրականացվեն եւ ավարտին հասցվեն սահմանված ժամկետում՝ առանց թերությունների եւ բացթողումների։