Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Չեխական ավիաուղիները կվերսկսեն թռիչքները դեպի Երևան

Չեխական ավիաուղիները կվերսկսեն թռիչքները դեպի Երևան
Տնտեսություն
18:19, 05 сентябрь 2023
Պրահա, օգոստոսի 30, 2023թ․ - Չեխական ավիաուղիները (ČSA) հոկտեմբերի 2-ից կվերսկսեն գործունեությունը Պրահա-Երևան երթուղով։ ČSA-ն վերսկսում է այս ծառայությունը հինգ տարի անց: Հայաստանի մայրաքաղաք չվերթներ կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ երկուշաբթի և հինգշաբթի օրերին։ Առաջիկա ձմեռային չվացուցակի ընթացքում ČSA-ն կշարունակի կանոնավոր չվերթեր իրականացնել դեպի Փարիզ (մինչև օրական երկու անգամ), Մադրիդ (շաբաթական երկու անգամ) և ավելի քան 20 այլ ուղղություններ, որոնք սպասարկվում են code-share գործընկերների կողմից:

OK930 չվերթը կիրականացվի Պրահայի Վացլավ Հավելի օդանավակայանից երկուշաբթի և հինգշաբթի ժամը 01:45-ին, Երևան կժամանի տեղական ժամանակով ժամը 07:20-ին: Երևանից Պրահա OK931 հետադարձ չվերթը կմեկնի տեղական ժամանակով 08:05-ին և կժամանի Պրահայի Վացլավ Հավելի օդանավակայան 10:15-ին:

«Հայաստանից Եվրոպա, այդ թվում՝ Չեխիա ավիափոխադրումների պահանջարկը աճի միտում է ցույց տալիս, այդ իսկ պատճառով մենք որոշել ենք վերականգնել Պրահա-Երևան չվերթը», - ասում է Չեխական ավիաուղիների վաճառքի մենեջեր՝ Յան Տոտը։ «Միևնույն ժամանակ, վերջին տարիներին չեխ զբոսաշրջիկների շրջանում աճել է նաև անդրկովկասյան ուղղությունների պահանջարկը, ուստի մենք հավատում ենք, որ նրանք նույնպես կողջունեն ČSA-ի չվերթների վերականգնումը դեպի Երևան»:

Ավիատոմսերն այժմ հասանելի են բաշխման բոլոր ցանցերում: Հաճախորդները կարող են չվերթի տոմսեր գնել Չեխական ավիաուղիների և Smartwings-ի կայքերից և ավիատոմսերի վաճառքի գործակալներից:

ČSA-ի Պրահա-Երևան կանոնավոր երթուղու ուղևորները կարող են շարունակել ճանապարրհորդել ČSA-ի կապող չվերթերով դեպի Փարիզ, Մադրիդ և այլ ուղղություններ:

Չեխական ավիաուղիները (1923) հոկտեմբերի 6-ին կնշեն իրենց 100-ամյակը: Ընկերությունը աշխարհի հինգ հնագույն ավիաընկերություններից մեկն է: ČSA-ն Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) հիմնադիր անդամ է և 2001 թվականից հանդիսանում է SkyTeam գլոբալ ավիադաշինքի անդամ: