Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ վարչական դատարանը վերադարձրել է «Մայր Հայաստան»-ի հայցադիմումն ընդդեմ Երևան քաղաքի ավագանու, որով պահանջվում է Երևանի քաղաքապետի երդման արարողության նիստը կրկին անցկացնել

ՀՀ վարչական դատարանը վերադարձրել է «Մայր Հայաստան»-ի հայցադիմումն ընդդեմ Երևան քաղաքի ավագանու, որով պահանջվում է Երևանի քաղաքապետի երդման արարողության նիստը կրկին անցկացնել
Իրավունք
11:17, 27 ноябрь 2023
ՀՀ վարչական դատարանը վերադարձրել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանի հայցադիմումն ընդդեմ Երևան քաղաքի ավագանու՝ «13.10.2023 թվականի Երևանի քաղաքապետի երդման արարողության հատուկ նիստը կրկին անցկացնելուն պարտավորեցնելու պահանջի մասին»։  Մինչդեռ օրերս Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, թե դիմել է դատարան՝ «Տիգրան Ավինյանի կողմից Երևանի քաղաքապետի լիազորությունների ստանձնման ոչ իրավաչափությունը ճանաչելու և քաղաքապետի լիազորությունների ստանձնման նոր նիստ նշանակելու հայցով»:

Վարչական դատարանը, ինչպես civic.am-ը պարզեց datalex.am տեղեկատվական համակարգից, իր որոշումը հիմնավորել է՝ վկայակոչելով Վարչական դատավարության օրենսգրքի պահանջները։ Մասնավորապես, սույն օրենսգրքի համաձայն՝ գործողության կատարման հայցով հայցվորը կարող է պահանջել կատարելու որոշակի գործողություններ կամ ձեռնպահ մնալու այնպիսի գործողություններից, որոնք ուղղված չեն վարչական ակտի ընդունմանը:

«Անձի մոտ ծագում է գործողության կատարման հայց ներկայացնելու իրավունքը, եթե նա այդ գործողության կատարման համար դիմել է վարչական մարմնին, մինչդեռ գործողության կատարումը մերժվել է վարչական մարմնի կողմից: Հետևաբար այս տեսանկյունից գործողության կատարման հայց ներկայացնելիս անձը ոչ միայն պետք է հայցադիմումում վկայակոչի հիշյալ հանգամանքը, այլև անվերապահորեն հայցադիմումին կից պետք է ներկայացնի այնպիսի պատշաճ ապացույցներ, որոնք ուղղակիորեն կվկայեն այն մասին, որ անձը դիմել է վարչական մարմնին ակնկալվող գործողության կատարման համար, ինչպես նաև պետք է կցի համապատասխան գործողության կատարումը մերժված լինելը վկայող վարչական մարմնի մերժումը (որոշում, համապատասխան գրություն և այլն), որպիսի փաստը դատարանին հնարավորություն կտա քննարկել տվյալ տեսակի հայցադիմումի ընդունման հարցը:  Սույն դեպքում ներկայացվել է գործողության կատարման հայց. խնդրվել է պարտավորեցնել Պատասխանողին կատարելու որոշակի գործողություն, այն է՝ կրկին անցկացնել Երևանի քաղաքապետի երդման արարողության հատուկ նիստը: Մինչդեռ հայցադիմումում չի վկայակոչվել ակնկալվող գործողության կատարման համար վարչական մարմնին դիմելու հանգամանքը, ինչպես նաև հայցադիմումին կից չի ներկայացվել դիմում՝ ուղղված վարչական մարմնին, և չեն ներկայացվել այնպիսի ապացույցներ, որոնք կվկայեն այն մասին, որ Պատասխանողի կողմից մերժվել է համապատասխան գործողության կատարումը, որպիսի հանգամանքը հնարավորություն կտա հայցը դատարան ներկայացնելու համար օրենքով սահմանված դատավարական ժամկետները որոշելու և հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը լուծելու համար»:    

Այսինքն՝ ըստ դատարանի որոշման, հայցադիմումը չի համապատասխանում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածով սահմանված՝ հայցադիմումին առաջադրվող պահանջներին։
Հայցադիմումում թույլ տրված սխալը վերացվելու և սույն որոշումը ստանալու օրվանից հետո տասնհինգօրյա ժամկետում դատարան կրկին ներկայացվելու դեպքում հայցադիմումը վարույթ ընդունված է համարվում սկզբնական ներկայացնելու օրը:

Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալուց 5 օր հետո և կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ վարչական դատարան՝ մինչև ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը:

Դատարանը հայցադիմումը վերադարձրել է նոյեմբերի 20-ին։

Նշենք, որ Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց», «Մայր Հայաստան» խմբակցությունները բոյկոտել են  երդման նիստը, «Հանրային ձայն» խմբակցությունը նույնպես չի մասնակցել երդման արարողությանը։
Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը, վկայակոչելով «Ընտրական օրենսգիրք»-ը, պարզաբանել էր, որ «քաղաքապետ կարող է ընտրվել մի դեպքում 40+1 տոկոս  ձայնով, Ավինյանի ընտրվելն այս դեպքն է եղել, և հետևաբար, եթե 40+1 տոկոսով է ընտրվում, անտրամաբանական է, որ  իր լիազորություններն ուժի մեջ չմտնեն երդմնակալության նիստին 50+1 ձայնի բացակայության հիմքով։ Դա ընդամենը արարողակարգային նիստ է, և որևէ որոշում չի կայացվել, և իրավազորության հարց, որպես այդպիսին, չկա»։

Ըստ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին»  օրենքի 47-րդ հոդվածի՝  քաղաքապետը իր լիազորությունները ստանձնում է իր ընտրվելուց հետո երրորդ օրացուցային օրը, ավագանու՝ օրենքի ուժով հրավիրված նիստում Երևանի բնակիչներին տրված երդմամբ։ Նույնը նախատեսված է նաև Երևանի ավագանու կանոնակարգի 8-րդ պարագրաֆով, և հատուկ պահանջ՝ նիստի իրավազորության հետ կապված, նշված չէ։ «Նիստը վարող ավագանու ավագ անդամը քաղաքապետի երդմնակալությանը նվիրված ավագանու նիստը հայտարարում է բացված և ամբիոնի մոտ է հրավիրում ընտրված քաղաքապետին։

Քաղաքապետը, աջ ձեռքը դնելով Օրենքի (Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենք-խմբ.) վրա, ընթերցում է Օրենքով ամրագրված Քաղաքապետի երդման տեքստը և ստորագրում երդման տեքստի տակ»,-մասնավորապես նշված է կանոնակարգում։

Նիստն այդ, ինչպես տեսանք, ոչ թե «հատուկ» է համարվում, այլ՝ օրենքի ուժով հրավիրված, որը արարողակարգային բնույթ ունի։

Հ. Մ.