Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երդմնակալության նիստին ավագանու կողմից որևէ որոշում չի կայացվում և այդ նիստը արարողակարգային բնույթ է կրում, իրավազորության հարց այդտեղ չկա․ Արմեն Գալջյանը՝ «Մայր Հայաստան»-ի դատական հայցի մասին

Երդմնակալության նիստին ավագանու կողմից որևէ որոշում չի կայացվում և այդ նիստը արարողակարգային բնույթ է կրում,  իրավազորության հարց այդտեղ չկա․ Արմեն Գալջյանը՝ «Մայր Հայաստան»-ի դատական հայցի մասին
Հարցազրույց
15:55, 13 ноябрь 2023
«Մայր Հայաստան» դաշինքը դատական հայցով վիճարկում է Տիգրան Ավինյանի կողմից Երևանի քաղաքապետի լիազորությունների ստանձնման հարցը։ Թեմայի շուրջ Civic.am-ը զրուցել է Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանի հետ։ 

- Պարոն Գալջյան, ըստ «Մայր Հայաստան» դաշինքի անդամների տարածած հայտարարության՝ Երևանի ավագանու կանոնադրության համաձայն՝ քաղաքապետի երդմնակալության արարողությունը ավագանու հատուկ նիստ է, որը իրավազոր է համարվում, երբ ներկա է ավագանու ընդհանուր անդամների՝ 65-ի կեսից ավելին, այսինքն՝ առնվազն 33 անդամ։ Հոկտեմբերի 13-ին, երբ Տիգրան Ավինյանի երդման արարողությունն էր, դա  չի ապահովվել։ 

- Ընտրական օրենսգրքի համաձայն՝ քաղաքապետը կարող է ընտրվել նաև ավագանու անդամների ընդհանուր թվի 40+1  տոկոս ձայներով։ Տվյալ պարագայում տեղի է ունեցել հենց այդ դեպքը, երբ քաղաքապետ է ընտրվել 40+1 ձայներով։ Այս պարագայում ակնկալել, որ երդմնակալության արարողությանը պարտադիր պետք է լինի 50+1 տոկոս ավագանու անդամների ներկայություն, որպեսզի քաղաքապետի լիազորությունները համարվեն ուժի մեջ մտած, հակասում է Ընտրական օրենսգրքի սահմանած պահանջներին։ Բացի դրանից, երդմնակալության նիստին ավագանու կողմից որևէ որոշում չի կայացվում, և այդ նիստը արարողակարգային բնույթ է կրում, և եթե ավագանու կողմից որևէ որոշում չի ընդունվում, ապա իրավազորության հարց այդտեղ չկա, որովհետև ո՞ր որոշման իրավազորության հարցն է առաջանում, ոչ մի որոշման, որովհետև ավագանին որոշում չի կայացրել։ 
Կա նաև Սահմանադրական դատարանի սահմանում, որ եթե տվյալ կոլեգիալ մարմինը որոշում չի ընդունում, ապա իրավազորության հարց չի կարող լինել:

- Այսինքն՝ Երևանի ավագանու կանոնադրության մեջ պետք է կե՞տ փոփոխվի։

- Ոչ, փոխելու կարիք չկա, որովհետև երդմնակալության նիստը առանձին կետով է կարգավորվում, որտեղ որևէ ներկայության շեմի պահանջ չկա։  Արարողակարգով ասվում է, որ երդմնակալությունը, երդումը ուղղված է երևանցիներին, ոչ թե ավագանուն:

- Պարոն Գալջյան, իսկ ինչո՞ւ են  «Մայր Հայաստան» դաշինքից պնդում, որ  երդմնակալության արարողությունը իրավազոր է համարվում, երբ ներկա է ավագանու ընդհանուր անդամների՝ 65-ի կեսից ավելին, քանի որ դա ևս ավագանու նիստ է։ 

- Դա վերաբերում է ավագանու հերթական և արտահերթ նիստերին։  Ինչ վերաբերում է երդմնակալության նիստին, այդտեղ որևէ պահանջ չկա: Այսինքն՝ այն պահանջը, որը մեջբերում են 50+1 տոկոսի մասին, դա վերաբերելի է հերթական և արտահերթ նիստերին, որտեղ ավագանին որոշումներ է ընդունում, իսկ այս նիստում ավագանին որևէ որոշում չի ընդունում։

Դավիթ Լևոնյան