«Ապրելու երկիր» կուսակցությունը մայիսի 17-ին հայցադիմում էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ կառավարության՝ Երևան համայնքի ավագանու լիազորությունների ժամկետը չկրճատելու և ավագանու արտահերթ ընտրություններ չնշանակելու անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին: Հայցադիմումը դատարանին էին փոխանցել «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը և կուսակցության քաղխորհրդի անդամ, փաստաբան Լևոն Օհանյանը։
Civic.am-ը datalex.am-ից պարզեց, որ դատարանը վերադարձրել է հայցադիմումը։ Ըստ դատարանի պատճառաբանման՝ «Կուսակցությունների մասին» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն՝ կուսակցությունը պետական գրանցման պահից ձեռք է բերում ոչ առևտրային իրավաբանական անձի կարգավիճակ:
Ըստ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի էլ՝ յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձի իրավունք է վերապահված դիմելու ՀՀ վարչական դատարան միայն այն դեպքում, երբ նա համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների (դրանց պաշտոնատար անձանց) վարչական ակտերով, գործողություններով կամ անգործությամբ խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա՝ ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները: Այսինքն՝ անձի կողմից պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի (դրա պաշտոնատար անձի)՝ դատարանում վիճարկվող վարչական ակտը կամ գործողությունը կամ անգործությունը պարտադիր կերպով պետք է առնչվի կոնկրետ այդ անձի իրավունքներին։
ՀՀ վճռաբեկ դատարանը նույնպես նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է նշված իրավական խնդրին:
Դատարանը նշել է նաև, որ «Ապրելու երկիր» կուսակցությունը, դիմելով ՀՀ վարչական դատարան, խնդրել է ոչ իրավաչափ ճանաչել Երևան համայնքի ավագանու լիազորությունների ժամկետը չկրճատելու և ավագանու արտահերթ ընտրություններ չնշանակելու ՀՀ կառավարության անգործությունը, մինչդեռ Դատարանի գնահատմամբ՝ հայցադիմումը չի պարունակում բավարար փաստեր և փաստարկներ առ այն, որ ՀՀ կառավարության՝ խնդրո առարկա անգործությամբ խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել «Ապրելու երկիր» կուսակցության՝ ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները և վերջինիս՝ «շահագրգիռ անձ» հանդիսանալու հանգամանքը։
Հետևաբար Դատարանն առաջարկել է «Ապրելու երկիր» կուսակցությանը համալրել ոչ բավարար փաստերը և փաստարկները՝ համապատասխանեցնելով այն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի պահանջներին, մասնավորապես՝ ներկայացնել այնպիսի փաստեր և փաստարկներ, որոնք կվկայեն այն մասին, որ Երևան համայնքի ավագանու լիազորությունների ժամկետը չկրճատելու և ավագանու արտահերթ ընտրություններ չնշանակելու ՀՀ կառավարության անգործությամբ խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել «Ապրելու երկիր» կուսակցության՝ ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, այսինքն՝ վերջինս ներկայացված վեճով հանդիսանում է «շահագրգիռ անձ»։
Նման պայմաններում Դատարանը համարել է, որ «Ապրելու երկիր» կուսակցությունը թույլ է տվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի պահանջների խախտում, որոնք հիմք են հանդիսանում հայցադիմումը նույն օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի ուժով վերադարձնելու համար: Միաժամանակ Դատարանն արձանագրում է, որ... հայցադիմումում թույլ տրված սխալները վերացնելու և որոշումը ստանալու օրվանից հետո տասնհինգօրյա ժամկետում վարչական դատարան կրկին ներկայացվելու դեպքում հայցադիմումը վարույթ ընդունված է համարվում սկզբնական ներկայացման օրը՝ մասնավորապես նշված է Դատարանի որոշման մեջ։
Նկատենք, որ «Ապրելու երկիր»-ը ակնհայտորեն շահագրգռված է, որ, ինչպես ժողովուրդն է ասում, «մի ոտ շուտ» տեղի ունենան Երևանի ավագանու ընտրություններն ու արդեն իսկ հայտարարել է քաղաքապետի իր թեկնածուի մասին՝ ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մանե Թանդիլյան։
Հարկ է նշել, որ «Ապրելու երկիր»-ը ռեբրենդինգի ենթարկված «Առաքելություն» կուսակցությունն է, որը, հիշեցնենք, 2018-ին «Իմ քայլը» խորհրդարանական դաշինքի մաս էր կազմում։ Ըստ մամուլի՝ հիշյալ քաղաքական կազմակերպությունը համագործակցում է ռուսաստանահայ գործարար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի հետ, վերջինս աջակցում է այս քաղաքական ուժին և մտադիր է առաջիկայում քաղաքական դաշտի կարևոր խաղացող դառնալ։ Մ. Առաքելյանը,
հիշեցնենք, որը 44-օրյա պատերազմից հետո ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնն էր զբաղեցնում, հրաժարական ներկայացրեց 2021-ին, իսկ Ռ․ Վարդանյանի պետնախարար եղած ժամանակ վերջինիս խորհրդականն էր։
Նշենք, որ համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքի՝ Երևանի ավագանու հերթական ընտրությունները կկայանան սեպտեմբերի կեսերին, ամենայն հավանականությամբ՝ 17-ին։
Հ. Մ.