Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ ՆԳՆ-ն հատուկ համահավաք ջոկատի մասնակցությամբ հրամանատարաշտաբային զորավարժություն է անցկացրել

ՀՀ ՆԳՆ-ն հատուկ համահավաք ջոկատի մասնակցությամբ հրամանատարաշտաբային զորավարժություն է անցկացրել
Իրավունք
20:40, 27 ноябрь 2023
ՀՀ ներքին գործերի նախարարությունն ամփոփել է նոյեմբերի 20-ից 24-ն անցկացված «Հատուկ համահավաք ջոկատի կիրառումը զանգվածային անկարգությունների կանխման և խափանման հատուկ օպերացիայում» թեմայով հրամանատարաշտաբային զորավարժության արդյունքները, որի ակտիվ փուլին ներկա են եղել ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, ոստիկանության պետ-նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը, նաև Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը։ Զորավարժությունը ղեկավարել է Ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության գնդապետ Հայկ Բաբայանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, մի քանի փուլով անցկացված զորավարժությանը մասնակցել են ՆԳ նախարարության Ոստիկանության զորքերի, Երևան քաղաքի վարչության, պետական պահպանության ու քրեական ոստիկանության գլխավոր վարչությունների, տնտեսական, բժշկական, փորձաքրեագիտական, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների վարչությունների, պարեկային ծառայության, Օպերատիվ կառավարման կենտրոնի և ՆԳՆ կրթահամալիրի ստորաբաժանումների ծառայողներ։

«Զանգվածային անկարգությունները խափանելու և հասարակական կարգը վերականգնելու նպատակով սկսվում է հատուկ օպերացիա. հատուկ նշանակության գումարտակի ծառայողները վնասազերծում են անօրինական զինված խմբավորումներին և առգրավում մեքենաներում գտնվող զենք-զինամթերքը։

Կատարվում են մարտավարական գործողություններ` օգտագործելով հատուկ տեխնիկա։
Հատուկ համահավաք ջոկատի խմբերը բարձր պրոֆեսիոնալիզմով կատարեցին իրենց առջև դրված խնդիրները»,- ասվում է հաղորդագրության մեջ ։

Նշվում է, որ զորավարժության նպատակն էր` կատարելագործել ՆԳՆ ոստիկանության օպերատիվ շտաբի և հատուկ համահավաք ջոկատի գործնական հմտությունները, զարգացնել ընդգրկվող ուժերի և միջոցների համագործակցությունը ։
Ըստ աղբյուրի՝ զորավարժության ավարտին տեղի է ունեցել ծառայությունում աչքի ընկած ոստիկանների պարգևատրման արարողություն։