Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ալավերդու նախկին համայնքապետ Արկադի Թամազյանը դատարան է դիմել․ Նրան անվստահություն հայտնելու գործընթացը ոչ թե «թիմն» է վիճարկում, այլ՝ անձամբ նախկին համայնքապետը

Ալավերդու նախկին համայնքապետ Արկադի Թամազյանը դատարան է դիմել․ Նրան անվստահություն հայտնելու գործընթացը ոչ թե «թիմն» է վիճարկում, այլ՝ անձամբ նախկին համայնքապետը
Իրավունք
15:15, 12 декабрь 2023
Ալավերդի համայնքի նախկին համայնքապետ Արկադի Թամազյանը վարչական դատարան է դիմել եւ վիճարկում է իրեն անվստահություն հայտնելու գործընթացը։ Օրերս  նա ֆեյսբուքյան իր էջում գրել էր՝ «մեր թիմը դիմել է դատարան՝ համայնքի ղեկավարի պաշտոնը հակաօրինական, բռնի զավթելու հայցով»։ 

Civic.am-ը datalex․am-ից տեղեկացավ, որ դատարան դիմել է ոչ թե «թիմը»՝ «Ապրելու երկիր» կուսակցությունը կամ համանուն խմբակցությունը, (հնարավորություն տալով կուսակցության քաղխորհրդի անդամ,  նման գործերում հմտացած Մեսրոպ Առաքելյանին՝  դատարանում հանդես գալ որպես ներկայացուցիչ), այլ՝ ինքը՝ Արկադի Թամազյանը։ Նկատենք, որ «Ապրելու երկիր»-ի ավագանու 9 անդամ հոկտեմբերին Թամազյանին անվստահություն հայտնելու գործընթաց էին նախաձեռնել, սակայն այն գլուխ բերել չհաջողվեց՝ քվորումի բացակայության պատճառով։  Թամազյանի  անունից դատարան ներկայացված հայցը փոքր ինչ այլ կերպ է շարադրված, առանց ավելորդ էպիտետների՝  «05.12.2023թ. կայացված ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի ավագանու նիստի արդյունքում ընդունված հայցվոր Արկադի Սամվելի Թամազյանին՝ որպես Ալավերդի համայնքի ղեկավարին, անվստահության հայտնելու և նոր համայնքի ղեկավար ընտրելու որոշումն անվավեր ճանաչելու մասին»։ 

Հայցապահանջը դատարանն ստացել է Թամազյանին անվստահություն հայտնելու հաջորդ օրը՝ դեկտեմբերի 6-ին, եւ մակագրվել է Վանաձորի քաղաքացիական դատարանի դատավոր Հերմինե Մուրադյանին։ 

Նշենք, որ «Ապրելու երկիր»-ը այս տարվա մայիսից դատարաններում վիճարկում է նաեւ Կառավարության անգործությունը: ՀՀ կառավարության՝ Երևան համայնքի ավագանու լիազորությունների ժամկետը չկրճատելու և ավագանու արտահերթ ընտրություններ չնշանակելու անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու՝ կուսակցության հայցապահանջը, նկատնեք, հասել է մինչեւ Վճռաբեկ դատարան։  

Վճռաբեկ դատարանը հոկտեմբերի 18-ին, ի դեպ, վերադարձրել է բողոքը՝ վճռաբեկ բողոք ներկայացնելու համար ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված կանոնները չպահպանելու համար: 

Փաստորեն, Երեւանի ավագանու ընտրություններն արդեն տեղի են ունեցել, դրանց մասնակցած «Ապրելու երկիր»-ը չի հաղթահարել անգամ անցողիկ շեմը, սակայն շարունակում է «քարը փեշից չթափել» ու վերադաս դատարաններում համառորեն բողոքարկել Կառավարության անգործության եւ արտահերթ ընտրություններ չնշանակելու հարցը։    

Հ․Մ․