Թուրքիան պատրաստ է բացել Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային անցակետերը

Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին երկաթուղային և ավտոմոբիլային անցակետերի բացման համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքները։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։


Լրագրողների հետ զրույցում նա հայտնել է, որ հարցը քննարկել է նաև Հայաստանի իր գործընկերոջ հետ։


Նախարարի խոսքով՝ նախապատրաստական աշխատանքներն իրականացվել են ինչպես երկաթուղային անցակետի, այնպես էլ Ալիջանի ավտոմոբիլային սահմանային անցակետի գործարկման ուղղությամբ։


Ուրալօղլուն նշել է, որ Ադրբեջանի համար կարևոր հարցերը հաշվի առնող համաձայնության ձեռքբերման դեպքում սահմանային անցակետերի բացման գործընթացը երկար չի տևի։


Նա հույս է հայտնել, որ անցակետերը կբացվեն առաջիկայում։