Հայաստանը վստահեցրել է Իրանին, որ Սյունիքի մարզով անցնող «Թրամփի ուղի` հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագիծը չի փոխի տարածաշրջանի սահմանները կամ աշխարհաքաղաքականությունը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը։
«Մենք բազմիցս կրկնել ենք մեր դիրքորոշումը։ Մենք ողջունել ենք տրանսպորտային ուղիների շրջափակման վերացումը և ընդգծել, որ այս նախագծերը չպետք է հանգեցնեն տարածաշրջանի աշխարհաքաղաքականության փոփոխության», – նշել է Բաղային։
Նրա խոսքով՝ փորձը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ի ներկայությունն ու ազդեցությունը տարածաշրջանում միշտ ուղեկցվել են անապահովությամբ։
«Մենք մեր մտահոգությունները փոխանցել ենք Հայաստանին, և մեզ վստահեցրել են, որ այս նախագիծը չի հանգեցնի սահմանային փոփոխության», – հավելել է նա։
Ճեպազրույցից որոշ մեջբերումներ է արել նաև ՏԱՍՍ գործակալությունը, ըստ որի՝ Բաղային նաև նշել է, որ ճանապարհի շինարարությունը կիրականացնեն հայկական ընկերությունները, և այստեղ ԱՄՆ ռազմական ուժեր չեն տեղակայվի։
Խոսնակը նաև ընդգծել է, որ Իրանը շատ լավ հարաբերություններ ունի Հայաստանի հետ, սակայն ուշադիր կհետևի զարգացումներին և անհրաժեշտության դեպքում հրապարակայնորեն կհայտնի իր դիրքորոշումը։