Իրանը պատրաստ է բանակցել ԱՄՆ-ի հետ՝ դիվանագիտության ընտրության դեպքում. Արաղչի

Իրանը պատրաստ է վերսկսել Միացյալ Նահանգների հետ անուղղակի բանակցությունները, եթե Վաշինգտոնն ընտրի դիվանագիտական ճանապարհը։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։


«Եթե նրանք ընտրեն ազնիվ դիվանագիտությունը, մենք պատրաստ ենք համագործակցել։ Իսկ եթե մտադիր են խաբել և ռազմական գործողություններ իրականացնել, ապա կստանան ավելի դառը և կոշտ պատասխան, քան նախկինում»,- հայտարարել է Արաղչին։


Նա նաև նշել է, որ Հորմուզի նեղուցի բացման վերաբերյալ Թեհրանի պայմանները չեն փոխվել։


Իրանի ԱԳ նախարարի խոսքով՝ այդ պայմանների ընդունման դեպքում Հորմուզի նեղուցը կբացվի, և բանակցությունները կվերսկսվեն։ Հակառակ դեպքում տարածաշրջանում կպահպանվի ստեղծված իրավիճակը։


Արաղչիի հայտարարությունը հնչել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների շարունակման և ռազմական գործողությունների հնարավոր վերսկսման վերաբերյալ քննարկումների ֆոնին։