ԵՄ-ն մասնակցելու է Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով բանակցություններին՝ վստահեցրել է ֆոն դեր Լյայենը, Պեսկովը հակառակն է պնդել

ԵՄ ներկայացուցիչները կմասնակցեն Ուկրաինայում խաղաղ կարգավորման հարցով բանակցություններին, որոնք տեղի կունենան Աբու Դաբիում նոյեմբերի 10-ին և 11-ին: Այս մասին այսօր հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը X սոցցանցում:


 

Ինչպես նշվում է գրառման մեջ, Եվրահանձնաժողովի նախագահը նոյեմբերի 9-ին այցելել է Սևծովյան տարածաշրջան: Այցելությունից առաջ նա հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ և հերթական անգամ իր աջակցությունը հայտնել նրա կոչերին՝ հրադադարի ռեժիմ սահմանել էներգետիկ և պարենային ենթակառուցվածքների վերաբերյալ, գրել է ֆոն դեր Լյայենը:


 

«Մենք նաև քննարկել ենք խաղաղ կարգավորման հասնելու ուղղությամբ շարունակվող ջանքերը և այս շաբաթ Աբու Դաբիում կայանալիք խաղաղության բանակցությունները, որտեղ ԵՄ-ն ներկայացված կլինի մեր գործընկերների կողքին»,- ասվել է Եվրահանձնաժողովի նախագահի հաղորդագրության մեջ:


 

Միաժամանակ, սակայն, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսօր հայտարարել է, որ եվրոպացի գործընկերները չեն մասնակցելու Աբու Դաբիում ԱՄՆ միջնորդությամբ Ռուսաստան-Ուկրաինա եռակողմ բանակցություններին: