UNDP՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրով 2026 թվականին Նոյեմբերյանում և Ալավերդիում գործող «Գանձոր» ՀԿ-ին, որպես լավ գործընկեր, նվիրատվությամբ տրամադրվել է 2018թ.-ի արտադրության Nissan Patrol մակնիշի ավտոմեքենա: Երբ ավտոմեքենան տեղափոխվել է Նոյեմբերյան, խնդիրներ են առաջացել Նոյեմբերյան համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանի հետ, որը միաժամանակ նշված ՀԿ-ի նախագահն էր: Արսեն Աղաբաբյանը ՀԿ–ի գործադիր տնօրենից պահանջել է իրեն հանձնել այդ ավտոմեքենան՝ նշելով, որ այն իրեն է տրամադրվել և պետք է անորոշ ժամանակով ու անորոշ նպատակով շահագործվի բացառապես իր կողմից, նույնիսկ իր՝ որպես ՀԿ նախագահ, լիազորությունների ավարտից հետո։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց «Գանձոր» ՀԿ հիմնադիր անդամ, նախկին փոխնախագահ և ՀԿ-ի կողմից հիմնադրված «Լիդեր» մարզասրահի տնօրեն Արման Ղազարյանը։
Վերջինս տեղեկացրեց, որ ՀԿ գործադիր տնօրենը առաջնորդվելով Կազմակերպության կանոնադրությամբ, ըստ որի՝ ինքն է կազմակերպության գույքի պատասխանատուն, և կազմակերպության գույքը կարող է օգտագործվել բացառապես ՀԿ կանոնադրական նպատակներով, ինքն է իրականացրել այդ գույքի տնօրինումը՝ հրաժարվելով այդ ավտոմեքենան կանոնադրության կետերի խախտումով տրամադրել Արսեն Աղաբաբյանին, ինչից հետո Արսեն Աղաբաբյանը սկսել է տարատեսակ ճնշումներ ու ապօրինի քայլեր իրականացնել ՀԿ գործադիր կազմի ու անդամների նկատմամբ:
«Մասնավորապես, գիտակցելով, որ 2026 թվականի մայիսի 10-ին ավարտվում են իր՝ որպես ՀԿ նախագահի լիազորությունները, և կանոնադրության համաձայն՝ ինքն այլևս վերընտրվելու իրավունք չունի, Արսեն Աղաբաբյանը մայիսի 7-ին ինքնիրավչությամբ նախաձեռնել է ՀԿ-ի արտահերթ համաժողով՝ խախտելով ՀՀ «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի և կազմակերպության կանոնադրության մի շարք կետեր: Նա նաև չարաշահելով իր պաշտոնեական լիազորություններն ու օգտագործելով անձնական կապերը, ըստ մեզ հասած տեղեկությունների, ճնշումներ է գործադրել Նոյեմբերյան և Ալավերդի համայնքում բնակվող ՀԿ անդամների նկատմամբ՝ ստիպելով ներկայանալ համաժողովին և քվեարկել իր կողմից առաջադրվող օրակարգի օգտին, որով ինքը կփոխեր կանոնադրությունն ու կվերընտրվեր որպես ՀԿ նախագահ, ինչպես նաև այդ ավտոմեքենան կտրամադրվեր իրեն»,- ասաց Արման Ղազարյանը:
Վերջինս նշեց, որ այդ նիստն իրենք բողոքարկել
են, պետռեգիստրի կողմից հարուցվել է վարչական վարույթ, և Արսեն Աղաբաբյանից պահանջվել են նիստի իրավազորությունը հաստատող փաստեր: Արդյունքում վերջինս 2026թ.-ի հունիսի 4-ին հետ է վերցրել իր դիմումը, ինչի հիմքով վարչական վարույթը կարճվել է:
Սակայն ըստ մեր զրուցակցի՝ Աղաբաբյանը դրանից
հետո չի հանգստանում և տարատեսակ ճնշումներ է փորձում բանեցնել։ Արման Ղազարյանը նաև
տեղեկացրեց, որ ինքը երկու դատական հայց է
ներկայացրել Աղաբաբյանի դեմ՝ զրպարտության հիմքով։
Ի դեպ, նոյեմբերի 29-ին Նոյեմբերյան խոշորացված
համայնքում տեղի են ունենալուն ՏԻՄ ընտրություններ, որին Արսեն Աղաբաբյանը
մասնակցելու է և գլխավորելու է «Ապրելու երկիր» կուսակցության համամասնական ցուցակը։
Հիշեցնենք նաև, որ այս տարվա օգոստոսի վերջին
Աղաբաբյանը ձերբակալվել էր Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից, այնուհետև՝ ազատ արձակվել։
Լիլիթ Թադևոսյան