Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դպրոցին հատկացված տարածքն օրենքի խախտմամբ օտարվել է անհատի. դատախազի հաղորդման հիման վրա՝ նախաձեռնվել է քրեական վարույթ

Դպրոցին հատկացված տարածքն օրենքի խախտմամբ օտարվել է անհատի. դատախազի հաղորդման հիման վրա՝  նախաձեռնվել է քրեական վարույթ
Իրավունք
13:17, 22 декабрь 2023
Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազությունում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, ուսումնասիրվել է Երևան քաղաքի Բեկնազարյան 5 հասցեում գործող` Գևորգ Չաուշի անվան թիվ 188 հիմնական դպրոցին հատկացված՝ պետական սեփականություն հանդիսացող հողատարածքի կադաստրային գործը:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Երևանի քաղաքապետի՝ 2002 թվականի դեկտեմբերի 2-ի որոշմամբ՝ Դպրոցին անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով հատկացվել է 19.080 քմ հողատարածք: Երևանի քաղաքապետի՝ 2008 թվականի օգոստոսի 1-ի որոշմամբ՝ Դպրոցին հատկացված վերոնշյալ տարածքից 148.71 քմ մակերեսով հողատարածքը, որի վրա քաղաքացի Ս.Յ.-ի կողմից կառուցված է եղել ինքնակամ արտադրական շինություն՝ 132.4 քմ մակերեսով, ճանաչվել է Երևանի քաղաքապետարանի սեփականություն և նույն թվականի նոյեմբերի 14-ին՝ ուղղակի վաճառքով օտարվել այն կառուցած քաղաքացուն: Մինչդեռ, «Կրթության մասին»օրենքի համաձայն՝ պետական  ուսումնական հաստատությունների գույքն օտարվելու դեպքում կարող էօգտագործվել միայն ուսումնական նպատակներով։
 
Նկատի ունենալով, որ ուսումնասիրության ընթացքում հայտնաբերվել են առերևույթ հանցանքիվերաբերյալ, ինչպես նաև այլ դեպքեր՝  դատախազը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե:

2023 թվականի դեկտեմբերի 20-ին Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը):

Դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, հայցադիմում կներկայացնի Վարչական դատարան՝ համայնքային սեփականություն հանդիսացող գույքը համայնքին վերադարձնելու նպատակով: