Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀԺ-ի վերաբերյալ ՄԻԵԴ վճիռը կարող է ընդդեմ Քոչարյանի նոր երևան եկած հանգամանքով բողոք բերելու հնարավորություն ընձեռել

ՀԺ-ի վերաբերյալ ՄԻԵԴ վճիռը կարող է ընդդեմ Քոչարյանի նոր երևան եկած հանգամանքով բողոք բերելու հնարավորություն ընձեռել
Իրավունք
13:25, 22 сентябрь 2021
Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը հրապարակել է ընդդեմ Հայաստանի հերթական վճիռը: Այս անգամ գործը վերաբերում է 2008 թվականին մարտյան իրադարձություններից հետո «Դարեսկիզբ» ՍՊԸ (Հայկական ժամանակ օրաթերթ) անունից ներկայացված գանգատին ընդդեմ ՀՀ երկրորդ նախագահ Ռ.Քոչարյանի 2008 թվականի Մարտի 1-ի հրամանագրի: 

Հիշեցնենք, որ 2008 թվականի հավաքների ընթացքում Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով 21 օրով մայրաքաղաք Երևանում արտակարգ դրություն էր հաստատվել, որով արգելվել էին նաև լրատվամիջոցների հրապարակումները, հավաքները։

ՄԻԵԴ-ը վճռով արձանագրվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի (արտահայտման ազատություն) և 6 րդ հոդվածի 1-ին մասի (արդար դատաքննության իրավունք) խախտում:

ՄԻԵԴ վճռում ասվում է, որ գործը վերաբերում է 2008 թ. նախագահական ընտրություններից հետո արտակարգ դրության ժամանակ պետական մարմինների գործողություններին, որոնց ընթացքում խոչընդոտվել է դիմումատու ընկերությանը իր թերթի՝ «Հայկական ժամանակի» տպագրումը։ Այն վերաբերում էր նաև դրան հաջորդած դատական գործընթացներին:

Դատարանը մասնավորապես գտել է, որ հրապարակման սահմանափակումը այլ նպատակ չի ունեցել, քան սահմանափակել Կառավարության հասցեին քննադատությունը և հետևաբար դեմ էր ազատ արտահայտման իրավունքին, որը պաշտպանված է Կոնվենցիայով: ՄԻԵԴ-ը նաև 9000 եվրո փոխհատուցում է սահմանել՝ որպես բարոյական վնասի հատուցում:

Այս գանգատը դեռևս 2008-ին եվրոպական դատարան ներկայացրել էր փաստաբան Տիգրան Աթանեսյանը, ով այսօր մեկնաբանելով ՄԻԵԴ վճիռը՝ ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ իրավական առումով այս վճիռը նշանակում է, որ Մարտի 1-ի արտակարգ դրություն հայտարարելու հրամանագիրն այլևս օրինական չէ, և սա կարող է հանգեցնել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ նոր քրեական հետապնդումների:

Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանը կարծում է, որ ՄԻԵԴ այս վճիռը, ապագայում սպասվող  այլ վճիռներ ևս կարող են դիտվել որպես նոր երևան եկած հանգամանք։ Ասել է թե՝ ներկայումս գնդակը դատախազության դաշտում է և դատախազությունը այս վճռից հետո կարող է գործընթաց սկսել․ «Երբ կարդում ենք արտակարգ դրության վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի հրամանագիրը, հասկանում ենք, որ դա անհամաչափ է եղել, անհամաչափ սահմանափակումներ է մտցվել և նպատակն ավելի լուրջ է եղել։ Նույն կերպ, ինչպես ՄԻԵԴ-ն է մեկնաբանել հրամանագրի անիրավաչափության խնդիրը, այդպես էլ մենք ենք այստեղ՝ ներպետական ատյաններում, վերլուծում և ներկայացնում փաստերը, ասում ենք՝ որ Քոչարյանն իրավունք չուներ նման հրամանագիր արձակելու, որ լրատվամիջոցները առհասարակ կապ չունեին այդ ամենի հետ։
Լրատվամիջոցների իրավունքների սահմանափակումն ակնհայտ անիրավաչափ էր։ Իսկ Քոչարյանը այդ սահմանափակումը մտցրեց՝ նպատակ հետապնդելով, որ որևէ մեկը, որևէ լրատվամիջոց բացահայտ փաստերի շարադրում չանի։ Հետևաբար չեմ բացառում, որ նոր երևան եկած հանգամանքով բողոք բերելու հնարավորություն լինի»,-ասաց Սաֆարյանը՝ հավելելով, որ թեև նույն փաստական հանգամանքով ներկայումս  նման կարգի գործ կա արդեն և սա  կարող է դիտվել անձի կրկնակի դատապարտման անթույլատրելիության համատեքստում։ 

«Բայց իրավական պրոցեսներ կարող են զարգանալ  և տեսնենք, թե Հայաստանի դատական համակարգն ինչպես  է նայում ՄԻԵԴ արձանագրմանը։ Վերաբացման վարույթների համար միջնորդում է դատախազությունը։ Չեմ բացառում, որ կողմը՝ այս դեպքում «Հայկական ժամանակը» ևս վճռաբեկ բողոք բերի և պորցեսներ զարգանան։ Այո, ՄԻԵԴ-ը կարող է բազմաթիվ հիմքեր տալ Հայաստանին, բայց գլխավոր խնդիրն այն է, թե ինչպիսի արձագանք է տալիս դրանց Հայաստանի դատաիրավական համակարգը։ Իսկ ՀՀ դատաիրավական համակարգը ներկայումս ի վիճակի չէ ադեկվատ վերաբերմունք ունենալ նման գործերին։ Եթե ադեկվատ վերաբերմունք լիներ, ապա Քոչարյանի բազմադրվագ ենթադրվող հանցագործությունները և մյուսների գործը չէր ձախողի։ Իրենց հեչ պետքը չէ, որ հարյուրավոր տուժողներ նորից գնալու են ՄԻԵԴ և էլի գործերը շահած հետ են գալու»,-նշեց փաստաբանը՝ ավելացնելով նաև, որ այն, ինչի մեջ մեղադրվում է Ռոբերտ Քոչարյանը, այդ մեղադրանքը մասնատելով, առանձին քրեական գործեր հարուցելով խնդիր չի լուծվի, քանի որ հանցագործության դեպքը, դրան մեղադրյալների առնչությունն ավելի մեծ հանցագործության մասին է խոսում։ 

«Բայց հուսով եմ, որ արդարադատության նոր նախարարի միջոցով  մասնակի  ռեֆորմներ հնարավոր կլինի անել, որոշ դատավորների պատասխանատվության խնդիրը կգրվի ու հնարավոր կլինի առաջ շարժվել»,-եզրափակեց Սեդա Սաֆարյանը։