Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գողություններ Բագրատաշենի մաքսային կետից. կան բերման ենթարկվածներ

Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ չորս տղամարդ, որոնցից մեկն Ալավերդի քաղաքի բնակիչ է, երեքը՝ Ախթալայի, Բագրատաշենի մաքսային կետից գողություններ են արել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

Մարտի 6-ին նրանք հայտնաբերվել և բերման են ենթարկվել բաժին:

Պարզվել է, որ մարտի 1-ին երկու անգամ տարբեր ժամերի մաքսային կետի զննման անգարից գողացել են ավտոմեքենայի 12 թողարկիչ:

Հետագա միջոցառումներով քրեական հետախույզները Բագրատաշենի մաքսային կետից գողություն կատարելու կասկածանքնով ոստիկանության Նոյեմբերյանի բաժին են տարել ևս երկու անձի, որոնցից մեկը՝ Ալավերդի քաղաքի, մյուսը՝ Շնող գյուղի բնակիչ:

Նրանք խոստովանել են, որ հունվար-փետրվար ամիսներին մաքսային կետի զննման անգարից գողացել են երեք բենզասղոց, որոնցից մեկը վաճառել են, երկուսը՝ նետել Դեբեդ գետը, ինչպես և սմարթ ժամացույցի 50 գոտի և բջջային հեռախոսի 120 պաշտպանիչ պատյան:

Գողոնը մասամբ հայտնաբերվել է: Հանգամանքները քննությամբ պարզվում են: