Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հետամուտ է եղել համացանցում քաղաքացիների կողմից տարածված Գեղամա լեռնավահանի Աժդահակ լեռան Կարմիր Կատար խառնարանային լճից կատարվող ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ տեսանյութին: Դեպքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում վարչական վարույթ է հարուցվել։
«Պարզվել է, որ քաղաքացի Թ.Խ.-ն իր կողմից անօրինական տեղադրված խողովակաշարի միջոցով խառնարանային լճից իրականացրել է ապօրինի ջրառ։
Բնության հուշարձան հանդիսացող Կարմիր Կատար խառնարանային լճի տարածքում ապօրինի տեղադրված խողովակաշարն ապամոնտաժվել և առգրավվել է։
Իրավախախտի նկատմամբ կկիրառվեն պատասխանատվության միջոցներ։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը մշտապես կարևորում է հանրության հետ ակտիվ համագործակցությունը բնապահպանական իրավախախտումների հայտնաբերման և կանխարգելման գործում»,- ասվում է ՏՄ հաղորդագրության մեջ։