Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը ՀՀ-ում, անդրադարձել է Վաշինգտոնում օգոստոսի 8-ին Հայաստանի ու Ադրբեջանի միջև ստորագրված փաստաթղթին։
ISCA News-ի հետ զրույցում դեսպանը նշել է, որ Իրանի կողմից ցանկալի հինգ սկզբունքները, այդ թվում՝ ինքնիշխանության հարգումը, սահմանային ամբողջականության հարգումը, իրավասությունը, փոխադարձությունը և սահմանների անձեռնմխելիությունը ներառված են Երևանի և Բաքվի միջև կնքված համաձայնագրում։
Դեսպանին նշվել է, որ Իրանում շատ փորձագետներ և հանրությունը մտավախություն ունեն, որ միջանցքի ստեղծումը կսահմանափակի Իրանի անմիջական մուտքը Հայաստան և Հյուսիսային Կովկաս, որը մեծ նշանակություն ունի երկրի ռազմավարական և տնտեսական կապերի համար:
Բացի այդ՝ ըստ լրատվամիջոցի՝ Միացյալ Նահանգների ներկայության և ազդեցության աճը Իրանի սահմանների մոտ ներկայացնում է ևս մեկ սպառնալիք Իրանի շահերի և ազգային անվտանգության համար։
Սոբհանին այս հարցերին պատասխանել և խոսել է Իրանի նախագահ Մասուդ Փեշեզքիանի Հայաստան կատարած այցի արդյունքների մասին:
«Հաշվի առնելով տարածաշրջանային իրադարձությունների սրումը՝ նախագահի այցը տեղի ունեցավ ճիշտ ժամանակին և ցույց տվեց, որ Կովկասը հատուկ նշանակություն ունի Իրանի Իսլամական Հանրապետության համար, և մեր երկիրը չափազանց զգայուն է իր «կարմիր գծերի» նկատմամբ»։
Իրանը ցանկանում է շարունակել Հայաստանի հետ հարաբերությունների վերելքի միտումը, և Թեհրանն ու Երևանը լիակատար փոխըմբռնմամբ ձգտում են պահպանել լավ և կառուցողական հարաբերություններ: Այցի ընթացքում Իրանի նախագահը շատ կառուցողական բանակցություններ է վարել Հայաստանի վարչապետի հետ, և կես ժամ տևողությամբ նախատեսված զրույցը տևել է ավելի քան երկու ժամ»,- նշել է դեսպանը:
Նա հայտնել է, որ կողմերը համաձայնության են եկել խորացնել հարաբերությունները բոլոր մակարդակներում և շարունակել փոխըմբռնումը երկու երկրների միջև, ստորագրվել է 12 համագործակցության փաստաթուղթ։
Սոբհանիի խոսքով՝ ո՛չ խաղաղության համաձայնագրի փաստաթղթում, ո՛չ էլ Վաշինգտոնում երկու երկրների կողմից ստորագրված հայտարարության մեջ չի հիշատակվում «միջանցք» կոչվող որևէ բան, և միակ քննարկումը եղել է այն տրանսպորտային ուղիների բացման մասին, որոնք Ադրբեջանին կապահովեն Նախիջևան մուտք, իսկ դրա դիմաց Հայաստանի մուտքը երկաթուղով կկապվի Իրանի Ջուլֆայի հետ։
Իրանի դեսպանը նաև ընդգծել է, որ հետագա քննարկումներում ևս լիովին հաշվի են առնված Իրանի շահերը և «անհանգստանալու պատճառ չկա»։
«Հայաստանը և Միացյալ Նահանգները բանավոր համաձայնության են եկել, այլ ոչ թե գրավոր, գրանցել հայ-ամերիկյան համատեղ ձեռնարկություն Հայաստանում և նշանակել օպերատոր և ներդրող՝ նախագիծն իրականացնելու համար, որը լիովին կորոշվի ՀՀ ազգային ինքնիշխանության և իրավասության շրջանակներում և կկարգավորվի Հայաստանի անվտանգության հսկողության, անձնագրային վերահսկողության և մաքսային ընթացակարգերով։ Համաձայնագրի համաձայն՝ դա կլինի մի տեսակ օպերատորություն, այլ ոչ թե երթուղու սեփականություն»,- ասել է Սոբհանին և որպես օրինակ նշել Երևանի օդանավակայանը, որը պատկանում է Հայաստանի կառավարությանը․ անձնագրային վերահսկողությունը, մաքսային ընթացակարգերը և անվտանգության ստուգումները իրականացնում է կառավարությունը, սակայն օդանավակայանի կառավարումը հանձնվել է ներդրումային ընկերության, ուստի համաձայնեցված տարանցիկ երթուղու համար «99-ամյա վարձակալություն» վերնագրի ներքո օգտագործված արտահայտությունները ճիշտ չեն։
Իրանցի դիվանագետը ևս մեկ անգամ վստահեցրել է, որ ՀՀ կառավարությունը Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի այցի ժամանակ հայտարարել է, որ չի ձեռնարկի որևէ քայլ, որը կհակասի Իրանի Իսլամական Հանրապետության շահերին և երկու երկրների միջև հարաբերություններին, և որ Իրանի հետ ընդհանուր սահմանը առանձնահատուկ նշանակություն ունի, ու նրանք որևէ կերպ չեն վնասի դրան։