Նախնական տվյալներով տեղի է ունեցել ինքնասպանություն իրեն ամրակցված գնդացրով. ՔԿ-ն՝ զինծառայողի մահվան հանգամանքների մասին
Սեպտեմբերի 12-ին, ՀՀ ՊՆ ՌՈ համապատասխան բաժնից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը` ժամը 19։50-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի՝ ՀՀ հյուսիսարևելյան սահմանագոտում տեղակայված կրակային դիրքին հարակից տարածքում գտնվող խրամաբջիջներից մեկում հայտնաբերվել է նույն զորամասի զինծառայող, շարքային Ալեքս Սուրենի Ավանեսյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով։ Կողքին հայտնաբերվել է վերջինիս ամրակցված ԿՁԳ տեսակի գնդացիրը։ Նախնական տվյալներով տեղի է ունեցել ինքնասպանություն իրեն ամրակցված գնդացրով։
 
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ։
 
Կատարվում է նախաքննություն։ Ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ զինծառայողի մահվան հանգամանքները լիարժեք պարզելու, կատարվածին վերջնական իրավական գնահատական տալու ուղղությամբ։
 
NEWS.am-ին հարեւանուհիներից մեկը պատմեց, որ Ալեքսը տան միակ զավակն էր, ապրում էր մոր եւ տատիկի հետ:

«Սովորական ընտանիք էր, սովորական սոցիալական պայմաններով էին ապրում, մայրը աշխատում էր, ինքն էլ մորն էր օգնում: Բանակ է զորակոչվել 20 տարեկանում, մինչեւ այդ Աբովյան քաղաքում էր սովորում՝ ծրագրավորող էր: Շատ խելոք, լավ երեխա էր, ափսոս, ես չեմ հավատում, որ ինքը չկա: Վերջերս որ մորը տեսա, հարցրի Ալեքսից, ասաց՝ նորմալ է, լավ է, խոսում ենք: »,- պատմեց հարեւանուհին եւ հավելեց, որ Ալեքսը ծառայում էր Տավուշի մարզի զորամասերից մեկում: