Հայկական կողմը դեռևս պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկի. Ամիրբեկով

Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցավ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը, ինչը կարևոր քայլ էր երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման ճանապարհին. հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ դեսպան Էլչին Ամիրբեկովը I24 News հեռուստաալիքին տված հարցազրույցում:


Նա նշել է, որ այս փուլում խոսքը գնում է միայն նախաստորագրման, բայց ոչ՝ վերջնական ստորագրման մասին․ «Խաղաղության համաձայնագրի ստորագրման և իրականացման համար հայկական կողմը պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկի։ Մասնավորապես, Հայաստանի Հանրապետության  Սահմանադրությունը դեռևս պարունակում է դրույթներ, որոնք հակասում են Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, արտահայտելով անընդունելի տարածքային պահանջներ։ Ուստի, տևական խաղաղություն հաստատելու համար ՀՀ հիմնական օրենքը պետք է համապատասխանեցվի երկու երկրների կողմից արդեն նախաստորագրված խաղաղության համաձայնագրի տեքստին և ոգուն: Այնուամենայնիվ, համաձայնագրի նախաստորագրումը մեծ առաջընթաց է:», - ասել է Ամիրբեկովը։


Ըստ նրա՝ համաձայնագրի նախաստորագրումը ինքնին զգալի առաջընթաց է։ Սա երկկողմ կառուցողական երկխոսության, երկու կողմերի քաղաքական կամքի, ինչպես նաև մի շարք միջազգային գործընկերների կառուցողական աջակցության արդյունք է։ 


Ամիրբեկովը բարձր է գնահատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անձնական ներդրումն ու ջանքերը։