Սերժ Սարգսյանի՝ Բադեն-Բադեն այցելելու մասով հարուցված քրգործը կարճվել է
Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում գերմանական Բադեն-Բադեն այցելելու, այդ թռիչքների նպատակն ու պետական միջոցների հնարավոր վատնումը ստուգելու նպատակով հարուցված քրեական գործը կարճվել է։ Այս մասին տեղեկացնում է Գլխավոր դատախազությունը։

««Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված հանցագործության մասին հաղորդման հիման վրա 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով պարզվել է, որ ՀՀ պաշտոնաթող Նախագահ Սերժ Սարգսյանի համար 2008-2018 թվականների ընթացքում կազմակերպվել են թռիչքներ դեպի Բադեն-Բադեն քաղաք, սակայն քրեական վարույթով դրանց հետ կապված գործընթացներում առկա չեն եղել քրեական օրենքով նախատեսված հանցանքի հատկանիշներ, ուստի քրեական վարույթը կարճվել է: Ինչ վերաբերվում է հարցման 2-րդ կետին, ապա դրանով տեղեկատվություն չի ներկայացվում՝ ելնելով քրեական վարույթների նախաքննության շահերից»,- նշեց Գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը։

Հիշեցնենք՝ 2021 թվականի սեպտեմբերի 15-ին «Փաստերի ստուգման հարթակ»-ը հետաքննություն էր հրապարակել, ըստ որի՝ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնավարման 10 տարիների ընթացքում ամեն տարի կառավարական օդանավով պետական միջոցների հաշվին մեկնել է գերմանական Բադեն-Բադեն քաղաք։ Հետաքննության համաձայն՝ Սարգսյանը պաշտոնավարման տասը տարիների ընթացքում գերմանական առողջարանային այդ քաղաք է մեկնել ավելի քան 16 անգամ։ Հարթակը, փաստեր ներկայացնելով, նաև պնդում է, թե երրորդ նախագահը Բադեն-Բադենում է եղել նաև 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմի ավարտից անմիջապես հետո՝ ապրիլի 5-ին։

Ըստ հետաքննության, Սերժ Սարգսյանը ապրիլի 6-ին ու 7-ին դեպի Գերմանիա նախատեսված պաշտոնական այցն օգտագործել է կրկին Բադեն-Բադեն այցելելու համար։