2022 թվականին ընտրակաշառք ստանալու համար քրեական պատասխանատվության է ենթարկվել 12 անձ, ընտրակաշառք տալու համար՝ 13, ընտրակաշառքի միջնորդության համար՝ 2 անձ

Ընտրակաշառք տալու, ստանալու, ընտրակաշառքի միջնորդության  մասին դառը հիշողությունները, հարկավ,  պիտի որ մնացած լինեին անցյալում՝ ինչպես այդ գործում  վիտուոզ լինելու աստիճան հմտացած, ընտրակաշառքի միջոցով  քվեարկության արդյունքները խեղած ու իշխանությունը ուզուրպացրած  նախկին ռեժիմը, սակայն պարզվում է, որ հետհեղափոխական Հայաստանում ևս արձանագրվում են այս հանցագործությունների որոշ դեպքեր, որոնց իրավապահ համակարգը ընթացք է տալիս։ Այս մասին է վկայում պաշտոնական վիճակագրությունը։ 2022 թվականին ընտրակաշառք ստանալու համար քրեական պատասխանատվության (հետապնդման) է ենթարկվել 12 անձ, ընտրակաշառք տալու համար՝ 13, ընտրակաշառքի միջնորդության համար՝ 2 անձ։ Ընտրակաշառք տալու և ընտրակաշառք ստանալու համար 2-ական անձի  վերաբերյալ գործերն ուղարկվել են դատարան։ Այս մասին civic.am-ը տեղեկացավ  գրանցված կոռուպցիոն բնույթի հանցագործություններով քրեական պատասխանատվության (հետապնդման) ենթարկված անձանց թվաքանակի վերաբերյալ Վիճակագրական կոմիտեի՝ «Հայաստանի Հանրապետության սոցիալական վիճակը 2022 թվականին» հրապարակումից։ Նշենք, որ 2022 թվականին ընտրակաշառք ստանալու 8, ընտրակաշառք տալու 9 դեպք է գրանցվել։ Վարույթում գտնված քրեական գործերով ու նյութերով հանցագործությունների քանակը  ունի հետևյալ պատկերը՝ ընտրակաշառք ստանալու 18, ընտրակաշառք տալու 15 գործ։   

Նշենք, որ գործող Քրեական օրենսգիրքը պատասխանատվություն է սահմանում ընտրական գործընթացի հետ կապված մի շարք գործողությունների կատարման կամ չկատարման համար։ Մասնավորապես՝ ընտրակաշառք ստանալը՝ հանրաքվեին կամ ընտրությանը մասնակցելու, հանրաքվեին կամ ընտրությանը որևէ ձևով քվեարկելու, քվեաթերթիկն անվավեր դարձնելու կամ հանրաքվեին կամ ընտրությանը մասնակցելուց հրաժարվելու պայմանով անձամբ կամ միջնորդի միջոցով իր կամ այլ անձի համար ընտրակաշառք՝ գույք, ներառյալ դրամական միջոց, արժեթուղթ, վճարային այլ գործիք, գույքի նկատմամբ իրավունք, ծառայություն կամ որևէ այլ առավելություն ստանալը, պահանջելը, տալու առաջարկ ներկայացնելը կամ տալու առաջարկը կամ խոստումն ընդունելը 

պատժվում է ազատության սահմանափակմամբ՝ 1-3   տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ 1-2   ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ 1-3  տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, պատժվում է ազատազրկմամբ՝ 3-7  տարի ժամկետով:


Ընտրակաշառք տալը նույնպես պատժվում է օրենքով։ Մասնավորապես՝  հանրաքվեին կամ ընտրությանը մասնակցելու, հանրաքվեին կամ ընտրությանը որևէ ձևով քվեարկելու, քվեաթերթիկն անվավեր դարձնելու կամ հանրաքվեին կամ ընտրությանը մասնակցելուց հրաժարվելու պայմանով ընտրողին անձամբ կամ միջնորդի միջոցով ընտրակաշառք՝ գույք, ներառյալ դրամական միջոց, արժեթուղթ, վճարային այլ գործիք, գույքի նկատմամբ իրավունք, ծառայություն կամ որևէ այլ առավելություն առաջարկելը, խոստանալը կամ տալը պատժվում է ազատազրկմամբ՝ 3-6  տարի ժամկետով: 


2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, պատժվում է ազատազրկմամբ` 4-8  տարի ժամկետով:

Ընտրակաշառքի միջնորդությունը ևս ՔՕ-ով պատժվող արարք է, որը սահմանված է այսպես՝   ընտրակաշառքի շուրջ ընտրակաշառք տվողի և ընտրակաշառք ստացողի միջև համաձայնության գալուն նպաստելը, ընտրակաշառք տվողի և ստացողի միջև համաձայնության առկայության դեպքում ընտրակաշառքի առարկան ընտրողին կամ նրա մատնանշած անձին փոխանցելու նախաձեռնություն դրսևորելը կամ այն փոխանցելու խոստում տալը կամ փոխանցելը կամ ընտրակաշառք տվողի և ստացողի միջև առկա համաձայնության իրականացմանն այլ կերպ նպաստելը։ Այս արարքը պատժվում է տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ ազատության սահմանափակմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով:

Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով,  պատժվում է ազատազրկմամբ՝ 2-5  տարի ժամկետով:

Հ. Մ.