ՀՀ և Իրանի ԱԳ նախարարությունների միջև հուշագիր է ստորագրվել. տեղի են ունեցել հյուպատոսական խորհրդակցություններ

Սեպտեմբերի 9-ին Երևանում տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև հերթական՝ 13-րդ հյուպատոսական խորհրդակցությունները: Այս մասին տեղեկացրել են ԱԳ նախարարությունից:



Հայկական պատվիրակությունը գլխավորել է ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը, իսկ իրանական պատվիրակությունը՝ Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Վահիդ Ջալալզադեն:






Խորհրդակցությունների օրակարգում ընդգրկված են եղել 1963թ. ապրիլի 24-ի «Հյուպատոսական հարաբերությունների մասին» Վիեննայի կոնվենցիայի կատարմանը, ինչպես նաև երկու երկրների քաղաքացիների և իրավաբանական անձանց իրավունքների և օրինական շահերին առնչվող մի շարք հարցեր։




Կողմերը ընդգծել են երկու երկրների դատաիրավական, առևտրատնտեսական և գիտակրթական ոլորտներում փոխգործակցությունը խորացնելու ուղղությամբ արտաքին գործերի նախարարությունների կողմից գործադրվող ջանքերի շարունակականության կարևորությունը։ 



 

Խորհրդակցությունների արդյունքներով երկու երկրների ԱԳ նախարարությունների  միջև ստորագրվել է հուշագիր։