Իսկ Դաշնակցությունն անելիք չունի

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման թուրքական կողմի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը այսօր Երևանում էր։ Նա Հայաստան ժամանեց սահմանի ցամաքային ճանապարհով՝ Մարգարա կամրջով։ Նկատենք, որ սա առաջին դեպքն էր, որ թուրք պաշտոնյա ժամանի Հայաստան ցամաքային ճանապարհով։ Իսկ այդպիսի պայմանավորվածություն կողմերի միջև վաղուց է ձեռք բերվել՝ բացել սահմանները դիվանագիտական անձնագրեր ունեցողների և երրորդ երկրների քաղաքացիների համար։ Փաստացի այսօր Քըլըչը դիվանագիտական անձնագիր ունեցող առաջին պաշտոնյան էր, որ հատեց այդ սահմանը։ Հայտնի է, թե Քըլըչն ու Հայաստանի ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը ինչ են խոսել, ինչ են պայմանավորվել, բայց դաշնակները էլի դեմ են։ Դեմ են ինչպես 2008-ին էին դեմ, երբ Սերժ Սարգսյանը «ֆուտբոլային դիվանագիտության» շրջանակներում փորձում էր հարաբերությունները կարգավորել Թուրքիայի հետ։ Այդ ժամանակ էլ՝ ինչպես այսօր Դաշնակցությունը բողոքի ակցիաներ էր անում, ընդվզում, խոսում ուրացումից և այլն։ Նույնը այսօր էր։ Չնայած Քըլըչը վաղուց հեռացել էր, Ռուբինյանն էլ ԱԺ-ում նիստ էր վարում, բայց Դաշնակցության երիտասարդները ակցիա էին իրականացնում կառավարության դիմաց։

 

Ներողություն խնդրելով մեր ընթերցողից պետք է մի քանի մեջբերումներ անենք՝ չխնայելով ձեր նյարդերը, տրամաբանությունը, միտքը, բանականությունը։

 

«Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Հայաստանում սակարկման ենթակա չէ։ Հայաստանում կա սերունդ, ով պահանջում է ցեղասպանության ճանաչում ու հատուցում։ Ո՛չ ուրացմանը», - հայտարարեց ու վանկարկեց երիտասարդներից մեկը։ Ապա եկավ «ցեղասպանությունից մազապուրծ ընտանիքից» այլ երիտասարդ ու դատապարտեց «դեռ չչորացած արյան վրա խաղաղություն հաստատելու փորձերը»։ Ապա եկավ ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ Գոռ Սարգսյանը ու ասաց, որ Թուրքիայի նպատակը առանց հայերի Հայաստանն է։ Ապա կրկին նշեց․ «Հայաստանում կան երիտասարդներ, ովքեր չեն ուրանում ցեղասպանությունը, չեն մոռանում Արցախի էթնիկ զտումը»։

 

Հետո, լրագրողների հետ զրույցի ընթացքում Գոռի մոտ սթափություն նկատվեց՝ ավաղ կարճատև․ «Դեմ չենք հարաբերություններին ու բոլոր հարևանների հետ, այո՛, պետք է շփվենք։ Եթե կարիք կա նույնիսկ հրավիրենք մեր երկիր ու բանակցությունները շարունակենք մեր երկրում»։ Անմիջապես այս արտահայտությունից հետո շարունակեց․ «բայց էս տեսակ բանակցություններ, էս տեսակ հայկական շահին դեմ բանակցություններ, ոչ մի կետ Թուրքիայի և Ադրբեջանի հետ բանակցություններում չկա, որ բխի հայկական շահերից», - ասաց ու շարունակեց, թե իբր հայկական կողմն ասում է, որ ցեղասպանության հարց այլևս չկա, ու պահանջեց․ «Թուրքիան պետք է առերեսվի, որ ցեղասպանություն է արել և նրանք այդ ցեղասպանության կրողներն են»։

 

Եվ ահա վերջապես մեր գործընկեր լրագրողներից մեկը տրամաբանական հարց հնչեցրեց՝ ո՞րն է այլընտրանքը։ Գոռը չպատասխանեց, որոշեց անդրադառնալ ՀՀ իշխանություններին, բայց ի պատիվ լրագրողի՝ հարցը կրկնեց՝ ո՞րն է այլընտրանքը։ Վերջապես Գոռն ասաց, որ բանակցությունները պետք է տեղի ունենան ոչ թե միակողմանի, այլ՝ նաև հայ ժողովրդի և արցախցիների շահերը սեղանին դնելով բանակցություններ վարել։

 

Նախ հետաքրքիր է իմանալ՝ ով և ինչպես է ուրացել ցեղասպանությունը կամ սակարկել զոհերի հիշատակը։ Եվ հետո՝ դաշնակները, որ ճանաչում ու հատուցում են պահանջում ու պարտադրում ՀՀ իշխանություններին բանակցությունների գնալ այդ օրակարգով՝ արդյո՞ք դա իրատեսական են համարում ու կոնկրետ հատուցման ի՞նչ եղանակ են պատկերացնում։ Սերժ Սարգսյանին էլ էին 2008-ին այսպիսի պահանջներ ներկայացնում, հետո պատասխանատվության գոնե կես տոկոս ստանձնեցի՞ն, երբ 2020-ին պատերազմին Թուրքիան ներգրավվեց Ադրբեջանի կողմից; Արդյո՞ք պատրաստ են հետագայում պատասխանատվություն ստանձնել հնարավոր զոհերի, արհավիրքների, պատերազմների դեպքում, որ այսքան ջանասիրությամբ փորձում են վիժեցնել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը։ Արդյոք եթե Դաշնակցությունը գա իշխանության պատրաստվո՞ւմ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում ներառել իրենց նշած նախապայմանները ու պրոցեսը տանել տապալման։ Եվ եթե ըստ դաշնակցության՝ Թուրքիայի նպատակը առանց հայերի Հայաստանն է, ապա չի նշանակո՞ւմ արդյոք, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումն անհնար է, Թուրքիայի հետ թշնամանքի վերացումն անհնար է ու Հայաստանը պետք է Թուրքիային թշնամի հռչակի։ Եվ եթե Թուրքիայի նպատակն իրոք դա, ապա ակնհայտ է չէ՞, որ 80 մլն բնակչություն ունեցող ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան կկարողանա հասնել իր նպատակին։ Մեծ խելք ունենալ պետք չէ՝ հասկանալու համար, որ ամենանվիրված, ամենահայրենասեր, ամենամարտունակ, ամենա ամենա, բայց 3 մլն հայերով բնակեցված Հայաստանն անգամ չի կարողանա դիմագրավել այդ ուժին։ Եվ ուրեմն ո՞րն է դրա դեմն առնելու ճանապարհը։ Ռուսը։ Գտանք, ռուսը մեզ կպաշտպանի թուրքից՝ ինչպես «պաշտպանեց» առաջին հանրապետության տարիներին։

 

Դաշնակցական Գոռը նաև պնդում է, թե «էս տեսակ բանակցությունները դեմ են Հայաստանի շահին»։ Ի՞նչ բանակցությունների մասին է խոսում։ Քըլըչն ու Ռուբինյանը հիմնականում երկխոսում են սահմանների բացման ու դիվանագիտական հարաբերությունների հաստաման մասին։ Արդյո՞ք ըստ Դաշնակցության Թուրքիայի կողմից՝ նկատենք՝ Թուրքիայի կողմից Հայաստանի հետ սահմանների բացումը դեմ է հայաստանի շահին։ Եկեք Հայաստանի քաղաքացիներից հարցնենք, տեսնքնիրենք ի՞նչ կպատասխանեն։ Կամ ի՞նչ է հասում հասարակ տրամաբանությունը։ Արդյոք Թուրքիայի կողմից սահմանի բացումը չի բխում Հայաստանի շահերից; Եթե չի բխոըւմ, ապա ինչո՞ւ է Թուրքիան որպես պատժամիջոց այսքան տարի՝ սկսած Քելբաջարի օպերացիայից՝ 1993 թվականից փակ պահում Հայաստանի հետ սահմանը։

 

Մի պահ պատկերացնենք, որ հայկական կողմում դաշնակներն են իշխանության և բանակցությունների սեղանին են դնում ցեղասպանության ճանաչման և հատուցման, արցախցիների իրավունքի, վերադարձի, ինքնորոշման և այլ թեմաներ ու, բնականաբար, Թուրքիան էլ մերժում է ու դուրս գալիս բանակցություններից։ Ի՞նչ է շահելու Հայաստանը՝ բացի բարոյական հաղթանակից ու գուցե նոր պատերազմից ու նոր զոհերից, իսկ նվազագույնը՝ փակ սահմաններից, թանկ ենթակառուցվածքներից, չկատարվող ներդրումներից և այլն։ Իսկ ցեղասպանությունը ու զոհերին ոչ ոք չի ուրացել և ուրանալու։ Դա անժխտելի փաստ է, բայց հայկական կողմը Թուրքիայի ու երրորդ երկրների հետ հարաբերություններում դա քննարկելու, բանակցության առարկա չի դարձնելու, իսկ որոշ դեպքերում՝ շահարկման։ Ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի շահն է լինելու։ ւ մի օր Թուրքիան դա անելու է՝ խաղաղ պայմաններում, հասկանալով, ընդունելով, զղջալով ու առերեսվելով։ Բայց դա չպետք է հանդիսանա Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման կամ չկարգավորման գործոն։

 

Իսկ Դաշնակցությու՜նը․․․, Դաշնակցությունն անելիք չունի։

 

Վոլոդյա Հակոբյան