Ռուբինյանն ու Քըլըչը պայմանավորվել են, որ երկու երկրների համապատասխան մարմինները կկատարեն անհրաժեշտ տեխնիկական ուսումնասիրությունները՝ Գյումրի–Կարս երկաթուղու և էլեկտրահաղորդիչ գծի վերականգնման ու գործարկման համար, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Նրանք նաև պայմանավորվել են, որ ջանքեր կգործադրվեն մշակույթի և ակադեմիական ոլորտներում համագործակցությունն ամրապնդելու ուղղությամբ, մասնավորապես բարձրագույն կրթական հաստատությունների ուսանողների համար կրթաթոշակների հնարավորություններ ստեղծելու և պատմական Անիի/Մետաքսի ճանապարհի կամրջի համատեղ վերականգնման միջոցով:
Հատուկ ներկայացուցիչները նաև համաձայնել են իրականացնել անհրաժեշտ աշխատանքներ՝ միտված այլ հետաքրքրված ընկերությունների կողմից 2026 թվականի ամռանից տարբեր ուղղություններով թռիչքներ իրականացնելուն, ինչը կավելացնի օդային երթուղիների և թռիչքների թիվը երկու երկրների միջև:
Եզրափակելով՝ Հատուկ ներկայացուցիչները վերահաստատել են հանձնառությունը շարունակել այս գործընթացն առանց որևէ նախապայմանի։