ՀՀ ԱԳ փոխնախարարը Ֆրանսիայի նախագահի խորհրդականին է ներկայացրել օգոստոսի 8-ին ձեռք բերված պայմանավորվածությունները

Սեպտեմբերի 16-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահի Մայրցամաքային Եվրոպայի և Թուրքիայի հարցերով խորհրդական Բերտրան Բուշվալտերի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:


Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանի և Ֆրանսիայի միջև երկկողմ հարաբերություններին՝ երկուստեք գոհունակությամբ ընդգծելով ամենաբարձր մակարդակով տարվող ակտիվ և շարունակական քաղաքական երկխոսությունը, ինչպես նաև ռազմավարական կարևորություն ունեցող ուղղություններով արդյունավետ և զարգացող համագործակցությունը։


Հանգամանալից քննարկվել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի համատեղ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։


ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները` բարձր գնահատելով Հարավային Կովկասում տևական խաղաղության հաստատման ուղղությամբ Ֆրանսիայի կողմից գործադրված ջանքերը։