Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել է Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասում գտնվող Իլսկիի և Աֆիպսկիի նավթավերամշակման գործարաններին (ՆՎԳ) հարվածներ հասցնելու մասին։
Ուկրաինական կողմի տեղեկություններով՝ հարվածների հետևանքով Իլսկիի ՆՎԳ-ում վնասվել են վառելիքի պահպանման ռեզերվուարները, իսկ Աֆիպսկիի ՆՎԳ-ում՝ նավթավերամշակման կայանքը։ Նշվում է, որ երկու ձեռնարկությունների նավթի վերամշակման համախառն տարեկան հզորությունը կազմում է շուրջ 13 մլն տոննա։
Իր հերթին, Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբը հայտնել է, որ նոյեմբերի 18-ի գիշերը անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո Սևերսկի շրջանում հրդեհներ են բռնկվել երկու ձեռնարկություններում։ Ընդ որում, տեղական իշխանությունները չեն հստակեցրել ձեռնարկությունների անվանումները։
Հաղորդվում է, որ հարձակման հետևանքով տուժել է չորս մարդ։