ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համաձայնել են խաղաղության բանակցություններին Եվրոպայի մասնակցությանը. Զելենսկի

ԱՄՆ-ն և Ռուսաստանը համաձայնել են Ուկրաինայի հարցով բանակցային գործընթացին եվրոպական երկրների մասնակցությանը։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։


Նրա խոսքով՝ բանակցություններին կմիանան եվրոպական հինգ երկրների, Եվրահանձնաժողովի, Եվրոպայի խորհրդի և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները։


«Ուկրաինան շարունակում է գործողությունների համակարգումը Եվրոպայում իր բոլոր գործընկերների հետ։ Մենք կշարունակենք աշխատել բոլոր մակարդակներում, որպեսզի Եվրոպան բանակցությունների ուժեղ մասնակից լինի։ Այս մասին մենք պայմանավորվել ենք նաև ԱՄՆ-ի հետ»,- նշել է Զելենսկին։


Ուկրաինայի նախագահը նաև հայտնել է, որ նախապատրաստական աշխատանքներ են տարվում ռազմագերիների փոխանակման ուղղությամբ, որը նախատեսվում է իրականացնել առաջիկա շաբաթների ընթացքում։


Բացի այդ, Կիևն ամերիկացի միջնորդներին առաջարկել է կազմակերպել Խերսոնի և Զապորոժիեի մարզերի ևս տասը բնակավայրերի բնակիչների տարհանումը։