Մոլդովայի օդային տարածքը փակվել է ռուսական անօդաչու թռչող սարքերի հարձակումների պատճառով

Նոյեմբերի 17-ին Ուկրաինայի վրա ռուսական զանգվածային հարձակումների ֆոնին Մոլդովայի օդային տարածքը երկու անգամ փակվել է։ Այս մասին տեղեկություն է տարածել Մոլդովայի պաշտպանության նախարարությունը։


Հաղորդվում է, որ ժամը 15:49-ին Ազգային բանակի օդային գործողությունների կենտրոնն արձանագրել է, որ անօդաչու թռչող սարքը Ուկրաինայի Օդեսայի մարզի կողմից մուտք է գործել Մոլդովայի օդային տարածք և ուղղվել դեպի Տիրասպոլ։


Այնուհետև անօդաչուն լքել է երկրի օդային տարածքը, սակայն ժամը 16:02-ին կրկին խախտել է այն։


Դրանից հետո տեղեկություն է ստացվել Քիշնևի Բոտանիկա հատվածի ուղղությամբ շարժվող «Շահեդ» տեսակի անօդաչու թռչող սարքի մասին։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Մոլդովայի իշխանությունները ժամը 16:27-ին սահմանափակումներ են մտցրել երկրի ողջ օդային տարածքի օգտագործման նկատմամբ։