Շահրամանյանը ԿԳՄՍ-ին դատի տալով փորձում է մաքրագործվել, բայց «Յութուբի» դարում դա հեշտ գործ չէ

ԱԺ ՊՈՒ խմբակցությունը, ինչպես հայտնել ենք,  վարչապետին անվստահություն հայտնելու  գործընթաց է պլանավորում և այդ հարցով խորհրդարանական լսումներ է կազմակերպել, որոնք, ըստ նախնական տեղեկությունների, կկայանան սեպտեմբերի 26-ին։


Իրավագետ Արտաշես Խալաթյանը Civic.am-ի հետ զրույցում, անդրադառնալով խորհրդարանական ընդդիմության այս նախաձեռնությանը, շեշտեց՝ հերթական ընտրություններից ամիսներ առաջ վարչապետին անվստահություն հայտնելը քաղաքականապես արդարացված չի կարող լինել։ «Որպես կանոն, քաղաքական ուժերն իրենց ռեսուրսները պահպանում են ընտրապայքարի համար։ Այս համատեքստում չեմ կարծում, որ հասարակության մեջ կա նման պահանջ՝ պետությունը կամաց-կամաց թևակոխում է դեպի ընտրական շրջան»,-նկատեց մեր զրուցակիցը և հավելեց՝  այս՝ արդեն մի քանի անգամ փորձարկված, բայց այդպես էլ կյանքի չկոչված գործիքին դիմելով ընդդիմությունը մտադիր է հասարակության ուշադրությունն իր վրա սևեռել, ինչը, գուցե, նախընտրական մարտավարություն է՝ «կարևորը ոչ թե արդյունքն է, այլ՝ պրոցեսը» սկզբունքով։ Իրավագետը  միաժամանակ տարակուսանք հայտնեց առ այն, որ լսումներ են  կազմակերպվում ոչ թե օրենքի որևէ նախագիծ կամ հանրային նշանակության որևէ հարց քննարկելու համար, այլ վարչապետին անվստահություն հայտնելու հարցով։  «Գործ ունենք ինստիտուտի ձևախեղման հետ. խորհրդարանական լսումներ հրավիրել վարչապետին անվստահություն հայտնելու օրակարգով, անկեղծ ասած, ես առաջին անգամ եմ լսում խորհրդարանական պրակտիկայում։ Այդ պրոցեսը կամ սկսում են, կամ չեն սկսում»։


Թե ինչու ընդդիմությունը լսումներ չի հրավիրում ավելի կարևոր հարցի՝  վաշինգտոնյան համաձայնագրերի վերաբերյալ,  փոխարենն իր լսարանին զբաղեցնում է անհեռանկարային, մի քանի անգամ փորձարկված ու ձախողված օրակարգով՝ մեր զրուցակիցն ունի իր բացատրությունը.  «Նույնիսկ ամենառուսամետ ուժերի մոտ կա ընկալում, որ ուժային բալանսի փոփոխության սողացող գործընթաց է տեղի ունենում։ Եվ բացահայտ դեմ խոսել ամերիկացիներին, դա մոտավորապես նույնն է, ինչ 2000-ականների կեսերին դեմ խոսեին ռուսներին։ Այսինքն՝ իրենց հասկացողությամբ փոխվում է աշխարհաքաղաքական դոմինանտ ուժը, և իներցիայի ուժով խոսել ռուսամետ դիրքերից  ու սրել իրավիճակն ընդդիմությունը չի ուզում, քանի որ ՌԴ-ի դիրքորոշումը իրենց որոշակի դիսկոմֆորտ է պատճառում։ Ակնհայտ է՝ ուղիղ սատարում իրենց կողմից գեներացվող ներքաղաքական խոսույթին ռուսների կողմից չկա։ Ակնհայտ է նաև, որ տեղի է ունենում ազդեցությունների վերաբաշխում, և նախկին ռուսակենտրոնությունն այլևս մեզանում տեղ չի ունենալու։ Իսկ մարդիկ երևի թե ցանկանում են հետռուսականության շրջանում ևս քաղաքականությամբ զբաղվել։ Հաշվարկն այն է, որ գուցե ապագայում ստեղծվի իրավիճակ, երբ իրենք՝ որոշ ընդդիմադիր ուժեր, ազդարարեն, թե TRIPP-ը  կարող են լավագույնս իրականացնել իրենք, այլ ոչ թե իշխող ուժը։ Այսինքն՝ իրենք կարծես իրենց համար նաև քաղաքական մանևրի տեղ են թողնում»։


Անդրադառնալով Սամվել Շահրամանյանի կողմից ԿԳՄՍ-ին դատի տալուն՝ պահանջելով հերքել 9-րդ դասարանի «Հայաստանի պատմություն» դասագրքում առկա տեղեկությունը, թե՝ 2023-ի սեպտեմբերի 28-ին ԼՂՀ նախագահը ստորագրել է ԼՂՀ-ն լուծարելու հրամանագիր, իրավագետը նկատեց. «Նույնիսկ միջնադարում կամ հին ժամանակներում ամենամեծ ոճրագործությունը կատարած տիրակալները փորձել են պատմությունը սրբագրել։ Այն ժամանակ դա հեշտ էր, քանի որ պետք էր այդ նպատակով պատմիչներին վախեցնել, առինքնել կամ թրատել։ Շահրամանյանն էլ փորձում է նույնն անել՝ խմբագրել իր մասով պատմությունը, դատարանի միջոցով մաքրագործվել սերունդների առաջ, թեև «Յութուբ»-ի դարում դա այդքան էլ հեշտ չէ»։


Արտաշես  Խալաթյանի հետ մեր զրույցի ընթացքում շոշափել ենք նաև ՀՀ մուտքի ու ելքի կնիքի վրայից Արարատ լեռան պատկերի վերացման թեման։


Զրույցի ուշագրավ մանրամասները՝ տեսանյութում։ 

 Հեղինե Մանուկյան