ՀՀ անկախության օրվա առթիվ Իրանի նախագահը շնորհավորական ուղերձներ է հղել ՀՀ նախագահին և վարչապետին

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը առանձին շնորհավորական ուղերձներ է հղել Հայաստանի նախագահին և վարչապետին՝ Անկախության օրվա կապակցությամբ։


 

Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին ուղղված շնորհավորական ուղերձում Փեզեշքիանը ընդգծել է, որ Իրանի և Հայաստանի երկու ժողովուրդները, ունենալով հնագույն ու խորը պատմություն, քաղաքակրթություն և մշակույթ, վաղուց ապրում են կողք կողքի և ունեն ամուր կապեր ու շահեր։ Նա հույս է հայտնել, որ երկու երկրների ղեկավարների կամքի շնորհիվ նրանց միջև հարաբերությունների խորացման և զարգացման գործընթացը կշարունակվի ռազմավարական տեսլականի և շահերի հիման վրա՝ հիմնված ընդհանուր նպատակների վրա։  



ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված շնորհավորական ուղերձում Իրանի նախագահը նաև նշել է, որ վերջին տարիներին Իրանի և Հայաստանի միջև հարաբերությունները  ցուցաբերել են դինամիկա քաղաքական, տնտեսական ու մշակութային ոլորտներում, և հայտարարել է. «Հուսով եմ, որ երկու երկրների առաջնորդների կամքի և համագործակցության զարգացման համար առկա հարուստ հնարավորությունների օգտագործման շնորհիվ այս գործընթացը կշարունակվի՝ հանուն ռազմավարական նպատակներին հասնելու և տարածաշրջանում խաղաղության ու կայունության ամրապնդման»։