Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության մեծ հնարավորություններ է տեսնում. Էլչին Ամիրբեկով

«Անցյալ ամիս Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրումից հետո մենք մտնում ենք նոր պատմական դարաշրջան Հարավկովկասյան տարածաշրջանում, ինչի կապակցությամբ նպատակահարմար համարեցինք ավստրիացի գործընկերներին և բարեկամներին տեղեկացնել ստեղծված իրավիճակի մասին»։ Այս մասին Austria Press Agency գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի՝ հատուկ հանձնարարությունների գծով հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։


Նա նշել է Հայաստանի գործող Սահմանադրությունից բխող խնդիրը։ Նրա խոսքով՝ մասնավորապես, Սահմանադրության նախաբանում կան տարածքային պահանջներ Ղարաբաղի վերաբերյալ։ «Ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը ենթադրում է տարածքային պահանջներից փոխադարձ հրաժարում»,- նշել է Էլչին Ամիրբեկովը։


Վերջինս ընդգծել է, որ տարածաշրջանում գոյություն ունեն երկարատև խաղաղության և կայունության հսկայական հնարավորություններ։


Էլչին Ամիրբեկովը այդ ուղղությամբ կարևոր քայլ է համարել 43- կիլոմետրանոց ավտոճանապարհի և երկաթուղու կառուցումը, որն անցնում է Հայաստանի տարածքով և Ադրբեջանի արևմուտքը կապում Նախիջևանի հետ։ «Խոսքը ոչ միայն Ադրբեջանի երկու մասերի վերամիավորման, այլև Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև Ասիայի և Եվրոպայի միացման մասին է»,- ասել է նա՝ մեկնաբանելով նախագիծը, որը Վաշինգտոնում ​​անվանել են «Խաղաղության և բարգավաճման երթուղի»։


«Սա խաղաղության նախագիծ է, որից, քաղաքական կամքի առկայության դեպքում, կարող են շահել տարածաշրջանում բոլորը»,- ասել է նա՝ մեկնաբանելով Իրանի կողմից քննադատությունը։