Թեհրանը միջուկային զենքի կարիք չունի. Իրանի գերագույն առաջնորդ

Թեհրանը միջուկային զենքի կարիք չունի, դրա օգտագործման անհրաժեշտություն չի տեսնում։ Այս մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին։


«Մենք նման զենքի կարիք չունենք, մենք որոշել ենք հրաժարվել դրանից»,-ասել է նա:


Նրա խոսքով՝ Թեհրանը տեղի չի տա արտաքին ճնշմանը ուրանի հարստացման իրավունքին վերաբերող հարցերում։


Խամենեին հայտարարել է նաև, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններն այս պահին Թեհրանին օգուտ չեն տա, այլ միայն վնաս կհասցնեն:


«ԱՄՆ կառավարության հետ բանակցություններն Իրանի ազգային շահերին ոչ մի օգնություն չեն տա, ոչ մի օգուտ չեն տա մեզ, ոչ մի չարիքից մեզ չեն պաշտպանի»,- ասել է նա:


Խամենենին հավելել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններն այս պայմաններում անդառնալի վնաս են հասցնում Իրանին: