«Ադրբեջանը մոբիլիզացրել է բոլոր ջանքերը». Ալիևը՝ TRIPP-ի մասին

Այս տարվա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վկայությամբ ստորագրվեց Ադրբեջանի և Հայաստանի միջև համատեղ հռչակագիր։ Այն հիմք դրեց «Թրամփի երթուղուն՝ միջազգային խաղաղության և բարգավաճման համար» (TRIPP), որը կապահովի անխոչընդոտ հաղորդակցություն Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։


Ինչպես փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին ասվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ուղերձում՝ ուղղված 6-րդ Կասպիական բիզնես ֆորումի մասնակիցներին՝ «Միջին միջանցքի երկայնքով. կապ, ֆինանսներ և էներգետիկա» թեմայով։


Ադրբեջանի նախագահը վստահություն է հայտնել, որ TRIPP-ը, որը կդառնա Միջին միջանցքի հաջորդ կարևորագույն սեգմենտը, կծառայի որպես Ասիան և Եվրոպան կապող հիմնական տրանսպորտային օղակ՝ ընդլայնելով միջազգային բեռնափոխադրումների տարանցիկ հնարավորությունները և նպաստելով տարածաշրջանի երկրների բարգավաճմանը, ինչպես նաև դրանց ինտեգրմանը համաշխարհային մատակարարման շղթաներին։


Ուղերձում նշվում է, որ TRIPP-ը նաև զգալի պոտենցիալ ունի էներգառեսուրսների հետագա փոխադրման, էլեկտրաէներգիայի արտահանման, մասնավորապես վերականգնվող էներգիայի, և օպտիկամանրաթելային գծերի տեղադրման համար, ինչը թույլ կտա տարածաշրջանը վերածել առևտրի և թվային հաղորդակցությունների միջազգային հանգույցի։


«Ադրբեջանը մոբիլիզացրել է բոլոր ջանքերը այս երթուղու արագ իրագործումն ապահովելու համար»,- ընդգծել է նա։