Համբարձում Մաթևոսյանը Կառլոս Ռոդրիգեսին հրավիրել է Հայաստան՝ դիտարկելու COP17 համաժողովի կազմակերպչական աշխատանքները

Շրջակա միջավայրի նախարարը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամի (GEF) գործադիր տնօրեն և նախագահ Կառլոս Ռոդրիգեսի հետ։ Այդ մասին հայտնում են ՇՄՆ-ից:

 


Նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպման ընթացքում անդրադարձել է Հայաստանի Հանրապետության և ԳԷՀ-ի միջև ձևավորված երկարամյա արդյունավետ գործընկերությանը։ Խոսել է այն ծրագրերի մասին, որոնց շնորհիվ վերջին տարիներին էականորեն բարելավվել է բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման համակարգը, ստեղծվել են նոր հատուկ պահպանվող տարածքներ, ինչպես նաև արձանագրվել է առաջընթաց էներգախնայողության, կլիմայի փոփոխության մեղմման և ադապտացման, գյուղատնտեսության կայուն զարգացման, կարողությունների զարգացման և վտանգավոր թափոնների կառավարման ոլորտներում։

 


Նշել է, որ այս ծրագրերը ոչ միայն նպաստել են Հայաստանի բնապահպանական համակարգերի ամրապնդմանը, այլև բարձրացրել են հանրային իրազեկվածությունը և միջազգային համագործակցության մակարդակը բնապահպանական խնդիրների շուրջ։


 

Շնորհակալություն է հայտնել Կառլոս Ռոդրիգեսին՝ Հայաստանի շրջակա միջավայրի ոլորտին ցուցաբերվող շարունակական և նշանակալի աջակցության համար։


 

Նա էլ իր հերթին վերահաստատել է ԳԷՀ-ի պատրաստակամությունը՝ շարունակելու սերտ համագործակցությունը Հայաստանի հետ՝ նոր նախաձեռնությունների և ծրագրերի իրականացման ուղղությամբ։


 

Քննարկել են նաև 2026 թվականին Հայաստանում կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի 17-րդ Կողմերի համաժողովի (COP17) նախապատրաստական աշխատանքները։ Այս կարևոր միջազգային միջոցառումը բացառիկ հնարավորություն է Հայաստանի համար՝ ներկայացնելու բնապահպանական ոլորտում ունեցած ձեռքբերումներն ու առաջնահերթությունները, ինչպես նաև դառնալու գլոբալ քննարկումների և որոշումների կայացման կարևոր հարթակ։


 

Նախարարը Կառլոս Ռոդրիգեսին հրավիրել է Հայաստան՝ առավել առարկայական դիտարկելու համաժողովի կազմակերպչական աշխատանքները:


 

Պայմանավորվել են նաև ակտիվացնել համատեղ աշխատանքները և հատուկ ուշադրություն դարձնել COP17-ի նախապատրաստական գործընթացներին։