Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, տեսակապի միջոցով դիմելով Վարշավայի անվտանգության հարցերով ֆորումի մասնակիցներին, մեկնաբանել է Մոլդովայի խորհրդարանական ընտրություններում եվրոպամետ ուժերի հաղթանակը:
«Այսօր մենք շնորհավորում ենք
Մոլդովային։ Ընտրություններում հաղթեց Եվրոպայի գաղափարը՝ նորմալ և կայուն ազգային
զարգացման գաղափարը։ Ռուսաստանի քայքայիչ ազդեցությունը այլևս չի տարածվի
Եվրոպայում։ Այսօր առավոտյան ես խոսեցի Մայա Սանդուի հետ և շնորհավորեցի նրան այն
կապակցությամբ, որ Ռուսաստանին չհաջողվեց ապակայունացնել Մոլդովան, չնայած այն
հսկայական ռեսուրսներին, որոնք նա ծախսել է երկիրը քայքայելու և ում հարմար է՝
գնելու փորձերի վրա»։
Այնուհետև նա ասել է, որ Մոլդովայում իրավիճակը
տարբերվում է Վրաստանի իրավիճակից. «Այսօր Վրաստանը մեծ մասամբ կորսված է Եվրոպայի
համար: Հնարավոր է՝ մի օր այն վերադառնա (եվրոպական ուղի): Բայց դրա համար Եվրոպան
չպետք է աչք փակի այն ամենի վրա, որ կատարվում է այնտեղ և Բելառուսում: Մեր
տարածաշրջանում Ռուսաստանի յուրաքանչյուր հաջողությունը միշտ կորուստ է Եվրոպայի
համար: Հետևաբար մենք չենք կարող մեզ թույլ տալ կորցնել մեկ օր կամ մեկ երկիր»: