Կարո անունով Սրբազան գործակալը. Եզրաս Ներսիսյանի ճանապարհը

Civic.am-ի խմբագրությունը անանուն նամակ է ստացել Կտրիճ Ներսիսյանի եղբայր` Եզրաս Ներսիսյանի մասին, որը ստորև ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:


«Սրբազան գործակալ»․ Եզրաս Ներսիսյանի ճանապարհը


Արքեպիսկոպոս Եզրաս (Մկրտիչ Գրիգորի) Ներսիսյանը (ծն. հոկտեմբերի 30, 1959, Ոսկեհատ, Էջմիածնի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ) ներկայումս Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդն է։ Սակայն նրա անցյալը ոչ այնքան «սրբազան» է, որքան ներկայացվում է։


1986-ի հուլիսին Ներսիսյանը հավաքագրվեց ՊԱԿ-ի կողմից՝ «Կարոն» գործակալական ծածկանունով։ Նրա գործակալական գործունեությունը դադարեցվեց 1988-ի նոյեմբերին, երբ գործերը փոխանցվեցին Լենինգրադի վարչություն։ Եվ ահա, խորհրդային «հրաշքով», հենց այդ տարում նա նշանակվեց Լենինգրադի հոգևոր հովիվ։


Այս պատմությունը «հրաշք» է միայն նրանց համար, ովքեր հավատում են, որ գործակալական թղթապանակից կարելի է ուղիղ քայլել դեպի պատարագի սեղան։ Մինչ հավատացյալները խոնարհվում էին «հոգևոր հովվի» առջև, իրականում խոնարհվում էին նախկին գործակալի՝ ՊԱԿ-ի զեկույցների ստվերի առաջ։


Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ Եզրաս Ներսիսյանը ներկայիս Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ Գարեգին Բ-ի հարազատ եղբայրն է։ Այս փաստը ոչ միայն հարցեր է առաջացնում անցյալի մասին, այլև խորը կասկածներ՝ ներկայիս եկեղեցական համակարգի բարոյական հիմքերի շուրջ։


Այսօր Արքեպիսկոպոս Ներսիսյանը շարունակում է ներկայանալ որպես հոգևոր առաջնորդ։ Բայց որքան էլ փորձի պատարագել սրբազան խորհրդով, նրա ամենահիշարժան «պատարագը» վաղուց մատուցվել է ոչ թե եկեղեցում, այլ ՊԱԿ-ի մութ միջանցքներում։