Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Կոպենհագենում հանդիպել է Եվրամիության խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ։
Ինչպես հաղորդում է APA-ն,
հանդիպման ժամանակ Անտոնիու Կոշտան և Ուրսուլա ֆոն դեր Լյայենը շնորհավորել են Ալիևին
Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգի շուրջ ձեռք բերված
հաջողությունների համար և հույս են հայտնել, որ դա կծառայի տարածաշրջանում
երկարատև խաղաղության ապահովմանը: Անտոնիու Կոշտան և Ուրսուլա ֆոն դեր Լյայենը
ընդգծել են, որ այսուհետ ևս կշարունակեն ջանքերը խաղաղությանն աջակցելու
ուղղությամբ: Նրանք նաև նշել են, որ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների
զարգացումը կարևոր ուղղություն է Եվրամիության համար:
Շնորհակալություն հայտնելով
շնորհավորանքների համար՝ Ադրբեջանի նախագահը նշել է, որ խաղաղության օրակարգի հետ
կապված ձեռքբերումները պատմական նշանակություն ունեն ամբողջ տարածաշրջանի համար,
այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի։ Իլհամ Ալիևը ընդգծել է, որ և՛ Հայաստանը, և՛
Ադրբեջանը արդեն հարմարվել են խաղաղության պայմաններում կյանքին, և նշել, որ Ադրբեջանը
կշարունակի ջանքերը խաղաղության օրակարգի առաջխաղացման ուղղությամբ։