Վրաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համար բոլոր ընտրատեղամասերը բացվել են ժամը 8:00-ին: Օրը մեկնարկել է առանց միջադեպերի:
Այս մասին հայտարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի խոսնակ Նատիա Իոսելիանին։
Վրաստանի 64 մունիցիպալիտետներում և շրջաններում միաժամանակ տեղի են ունենում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Քվեարկության ընթացքում կընտրվեն հինգ ինքնակառավարվող քաղաքի՝ Թբիլիսիի, Քութայիսիի, Բաթումիի, Ռուսթավիի և Փոթիի քաղաքապետները, ինչպես նաև 59 մունիցիպալիտետների ղեկավարներ և տեղական քաղաքային ժողովների (սակրեբուլո) անդամները:
Քվեարկությանը մասնակցում է տասներկու քաղաքական կուսակցություն: Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնի համար պայքարում է ինը թեկնածու, այդ թվում՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցության գործող քաղաքապետ Կախա Կալաձեն: