ՇՄՆ էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի գլխավորած աշխատանքային խմբի Տավուշի մարզ կատարած այցի շրջանակում կայացավ հերթական հագեցած հանդիպում-քննարկումը:
Այս անգամ Ծառայության պետի գլխավորությամբ անցկացվեց աշխատանքային ընդլայնված քննարկում Էկոպարեկային ծառայության Տավուշի մարզային վարչության Իջևանի և Սևքարի տեղամասերի ղեկավար կազմի և պահպանություն իրականացնող ողջ աշխատակազմի հետ:
Ողջունելով ներկաներին՝ Կիրակոսյանը նշեց, որ նախաձեռնված հանդիպում-քննարկման շարժառիթը տեղամասի աշխատակիցների կողմից իրենց աշխատանքային գործունեության ընթացքում գույքագրված խնդիրներին անձամբ տեղում ծանոթանալու, բնության հատուկ պահպանող տարածքների և անտառների պահպանության գործում Ծառայության որդեգրված աշխատելաոճը և մոտեցումը ևս մեկ անգամ ներկայացնելու ցանկությունն է:
Ծառայության պետը, խոսելով էկոպարեկային ծառայողին վերապահված առաքելության մասին, նշել է, որ 700 հազար հեկտարի պահպանություն իրականացնելը լրջագույն աշխատանք է, մեծ պատասխանատվություն է և պետք է ամեն բան անել, որ պատվով կատարենք մեր աշխատանքը:
Յուրաքանչյուր տարածաշրջան ունի իր առանձնահատկությունները և հենց դրանց քաջատեղյակ լինելով է պետք ամեն օր նախորդ օրվանից ավելի շատ ու ավելի պատասխանատվությամբ ու արդյունավետորեն աշխատել:
«Շատ կարևոր է ապօրինությունների կանխարգելումը: Այո՛, բացահայտումները ևս շատ կարևոր են, բայց մեզ համար պետք է առաջնային լինի ապօրինություն կանխելը»,- ասել է Կիրակոսյանը, ապա հավելել՝ պետք է բացառել կոռուպցիայի ցանկացած դրսևորում, ապօրինություն, որոնք կարող են խաթարել անտառների և բնության հատուկ պահպանվող տարածքների պատշաճ պահպանությունը:
Կիրակոսյանն իր խոսքում կարևորել է ազգաբնակչության հետ դինամիկ հաղորդակցումը և նրանց հետ ևս աշխատանք տանելու, իրազեկելու անհրաժեշտությունը։
«Մարդիկ պետք է գիտակցեն, որ բնությունը բոլորինս է, պետք է վերաբերվենք մեր բնությանն այնպես, ինչպես մեր ընտանիքներին, ծառ կտրելը, բնությանը վնասելը հանցագործություն է»,- ասել է Կիրակոսյանը և շեշտել, որ մեր առաքելությունը չպետք է մոռանանաք և անենք ամեն բան ապագա սերունդներին ավելի լավ շրջակա միջավայր և հարուստ կնեսաբազմազանություն փոխանցելու համար:
Հաջորդիվ հարց ու պատասխանի ձևաչափով ներկայացվել են աշխատանքային գործունեության ընթացքում գույքագրված խնդիրները, քննարկվել են հնարավոր լուծումները: