Վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց սկսելը՝ թակարդ ընդդիմության համար

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի երեկ տեղի ունեցած նիստը նշանավորվեց  «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի հասցեին արված կոմպլիմենտով։ Հեղինակը հանձնաժողովի նախագահ ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյանն էր, կոմպլիմենտն էլ այսպես ձևակերպվեց՝ «լավ իմաստով քաղաքականացված անձ, որը միշտ հանդես է եկել պրագմատիկ հայացքներով»։  Եվ ուրեմն, պրագմատիկ գործիչ Մամիջանյանը,  ինչպես հայտնի է, ղեկավարում է մի խմբակցություն, որն ինչպես ավելի վաղ նշել ենք, ԱԺ էր ներկայացրել «Ազգային աղետի և կառավարման ճգնաժամի մասին» հայտարարության նախագիծ։ Այդ նախագծի «ռասկրուտկան» նախ տեղի ունեցավ օրեր առաջ՝ խորհրդարանական լսումների տեսքով, որին մասնակցում էր արտախորհրդարանական խայտաբղետ ընդդիմությունը՝ ի դեմս  (հայտնի վեպի մոտիվներով) «տնային տնտեսների, աղախինների, ամուրիների» և նույնիսկ մի կին բուդդիստի։  Երեկ էլ, փաստորեն, պարոն Մամիջանյանն արդեն փորձում էր ավելի «նեղ կռուգի»՝ պետաիրավականի անդամների համար հիմնավորել իրենց՝  կանխատեսելի ելքով (կատարյալ ֆիասկո երաշխավորող) «իդեա ֆիքսը»՝ ՀՀ վարչապետին անվստահություն հայտնելու «հույժ անհրաժեշտությունը»։ Քննարկման ընթացքը ուղեկցվեց ոչ միայն հանձնաժողովի անդամների միջև թունոտ կսմիթների փոխանակմամբ, այլև ցուցանեց նախագծի հեղինակի փաստարկների ողջ թշվառությունն ու մեղկությունը։ Հատկապես, երբ վերոհիշյալ խմբակցության ղեկավարը, դիմելով թղթախաղում բանեցվող բլեֆի հնարքին,  խոսեց ՔՊ-ական որոշ  պատգամավորների՝ իբրև թե իրենց նախաձեռնությանը՝ անվստահություն հայտնելուն,  միանալ պատրաստվելուն։  Թե ովքեր են այդ խորհրդավոր ՔՊ-ականները, քանիսն են նրանք՝ Մամիջանյանը, ինչպես նաև ավելի վաղ նրա գործընկեր Տիգրան Աբրահամյանը, այդպես էլ չնշեց՝ վերջիններիս խնայելու, ժամանակից շուտ քաղաքական հետապնդումների թիրախ չդարձնելու ազնիվ, մարդասիրական մղումներից ելնելով։ Ընթերցողի սիրտը, համոզված ենք,  Մամիջանյանի վերահաս հումանիզմից չլցվեց՝ ինչպես և նիստին ներկա հանձնաժողովի ՔՊ-ական անդամների, որոնք  ծիծաղով արձագանքեցին Մամիջանյանի «բլեֆասացությանը» ենթադրյալ «դիսիդենտ» ՔՊ-ականների մասին։ Սերժ Սարգսյանի սանիկին ու նրա գործընկերներին երևի թե թվում է, թե ինչպես 2018-ի համաժողովրդական շարժման՝ թավշյա հեղափոխության օրերին, այնպես էլ հիմա խորհրդարանական մեծամասնության կազմում կգտնվեն պատգամավորներ, որոնք «օրհասի պահին» «դավանափոխ», եթե կուզեք՝ «ճամբարափոխ» կլինեն՝ «այո» ասելով վարչապետին պաշտոնանկ անելու՝ քաղաքական առումով գերամբիցիոզ, իրավական առումով  անիրատեսական պլանին։ Եվ սա այն դեպքում, երբ «խաղի մեջ» չէ պլանի իրագործման ամենակարևոր դերակատարը՝ դրան աջակցություն հայտնած ժողովրդի կրիտիկական զանգվածը։ Ի դեպ, կարևոր հանգամանք, որի մասին չեն մոռանում շեշտել իմպիչմենտի մասին մեծ-մեծ փրթող ընդդիմադիր ուժերը,  բայց այդպես էլ կես քայլ չեն անում  փողոցն ակտիվացնելու ուղղությամբ։  Ինչո՞ւ։ Պատճառն ակնհայտ է՝ համոզված են, որ իրենց քաղաքական կապրիզի վրա  ժողովրդի մեծամասնությունը թքած ունի, այլապես սեփական նախաձեռնությամբ դուրս կգար փողոց ու Փաշինյանին կփոխարիներ Մասիսի քաղաքապետ, վարչապետացու Դավիթ Համբարձումյանով։   


Ի դեպ, այս նախաձեռնությունը իրավաքաղաքական նրբություններ ունի, որոնց մասին կարիք կա խոսելու։


Ակնհայտ է, որ անվստահության գործընթացը կյանքի կոչելու համար խորհրդարանական ընդդիմությունն այս պահին չունի անհրաժետ թվով քվե՝ 54 պատգամավոր՝  պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը։ Եթե անգամ անհրաժեշտ 36 ստորագրությունները հայթայթվեն նախագիծը ԱԺ-ում շրջանառության մեջ դնելու համար (Ազգային ժողովի որոշման նախագիծ կարող է ներկայացնել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը` 36 պատգամավոր), ապա խորհրդարանում ուժերի հարաբերակցությունից թեթևակի տեղյակ խորհրդարանականի համար էլ հասկանալի է, որ 36-ը դեռ պետք է մեծացնել 18-ով, որը հնարավոր է միայն մեկ դեպքում՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից «մարդ գողանալով»։ Արդ, ՊՈՒ-ն և վերջինիս միացած «Հայաստան»-ն ի վիճակի՞ են այս մաստշաբի «գողություն» անել՝ «ցելի» 18  ՔՊ-ական պատգամավորի համոզել-ստիպել, որ ձայնակցեն ՀՀ գործող վարչապետի համար գրվող «հրաժեշտի գազել»-ին։ ՊՈՒ-ն և «Հայաստան»-ը, գումարած՝ ՔՊ-ից հեռացած Հակոբ Ասլանյանն ու Հովիկ Աղազարյանն, անշուշտ, կարող են ԱԺ-ում շրջանառել  անվստահություն հայտնելու նախագիծ, բայց ինչպես ավելի վաղ մեզ հետ զրույցում իր ընդդիմադիր գործընկերներին «լիկբեզ» էր արել իսկապես պրագմատիկ Աղազարյանը՝  «գործընթացը գլուխ բերել առանց ՔՊ-ական պատգամավորների ամբողջական կամ մասնակի  համաձայնության՝ հնարավոր չէ»։ Հենց այս նրբությունը հասկանալով էլ ՊՈՒ-ն Մամիջանյանի և խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի բերանով  հայտարարում է՝ «թեև գործընթացը խորհրդարանում մեկնարկելու՝ երկրորդ փուլին հասնելու համար 36 ձայն է անհրաժեշտ, բայց 36 ձայնից հետո մենք պրոցեսը միանգամից խորհրդարան չենք տեղափոխելու, պրոցեսը խորհրդարան կմտցնենք միայն այն դեպքում, երբ հստակ լինի, որ անհրաժեշտ ձայները ոչ թե 36-ի են հասել, այլ 54-ին են մոտենում» (մեջբերումը Տ Աբրահամյանի՝ ԱԺ լսումների ժամանակ արած հայտարարությունից է)։ Ասել կուզի՝ անվստահության գործընթաց կոչեցյալը ուրվականի պես ԱԺ պատերի ներսում թրև կգա անորոշ ժամկետով,  իրավական ձևակերպում չի ստանա ու չի դրվի շրջանառության մեջ այնքան ժամանակ, քանի դեռ ՊՈՒ-ն ու «Հայաստան»-ը վերոհիշյալ 18 հոգուն չեն «որսացել»։ Ինտրիգն այն է, թե այդ պրոցեսը՝ «դեպուտատագողությունը», արդյոք տեղի կունենա՞ ողջամիտ ժամկետում՝  առաջիկա առնվազն 7 ամսվա ընթացքում՝  նախքան 2026 թվականի ԱԺ հերթական ընտրությունները, թե՞ կձգվի մինչև այդ ընտրությունների քարոզարշավի պաշտոնական մեկնարկը։  Ակնհայտ է, որ եթե ինչ-որ հրաշքով ԱԺ-ում տեղի ունենա վարչապետին անվստահություն հայտնելու որոշման քննարկումը՝ առանց առնվազն 54 պատգամավորի երաշխավորված քվեարկության, ապա որոշման նախագիծը չընդունվելու դեպքում ընդդիմությունը կհայտնվի իր իսկ ձեռքով գրված Սահմանադրությամբ նախատեսված անախորժ վիճակում՝ 6 ամիս այլևս իրավունք չի ունենա մոտ գալ անվստահություն հայտնելու գործիքին։ «Եթե վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը չի ընդունվում, ապա նման նախագիծ կարող է ներկայացվել ոչ շուտ, քան վեց ամիս հետո»,- սահմանում է  Մայր օրենքը։ Ընդդիմությունը հասկանում է, որ եթե ԱԺ առաջիկա նստաշրջանի ժամանակ իր 36 ստորագրությամբ հարցը բերի օրակարգ և բանը հասնի քվեարկությանը, դա կնշանակի քվեարկություն սեփական քաղաքական ինքնասպանության օգտին։


Պրագմատիզմը հուշում է, որ 6 ամիս հետո, այսինքն՝ ԱԺ ընտրությունների նախընտրական փուլում վարչապետին անվստահություն հայտնելու հարցը ԱԺ  բերողներն իրենց այդ քայլով կապացուցեն, որ իրենք ոչ թե քաղաքական ուժեր են, այլ «конченый придурок»-ներ։  

 

Նկատենք, որ օրերս ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ «Հայաստան» խմբակցության անունից ՊՈՒ-ի նախաձեռնությանը միացած Իշխան Սաղաթելյանը «դեպուտատագողության» և ընդհանրապես՝ պրոցեսի ողջ պատասխանատվությունը փորձեց գցել ՊՈՒ-ի վրա։ «Շատ հստակ հայտարարել ենք՝ գործընթացի կա քաղաքական պատասխանատվություն ստացած ուժ, խմբակցությունը դրել է իր ստորագրությունները, ակնկալում ենք ողջամիտ ժամկետներում ապահովել մնացած ստորագրությունները»,-հայտարարեց Սաղաթելյանը։ Երբ Civic.am-ը հարցրեց՝ եթե «Հայաստան»-ականները նախանձախնդիր են  գործընթացի իրագործման հարցում,  ապա ճիշտ չէ՞, որ իրենք էլ իրենց մասով անեն իրենց անելիքները, օրինակ՝ համոզեն ՔՊ պատգամավորներին միանալ անվստահության գործընթացին, Սաղաթելյանը հակադարձեց. «Ես չեմ կարծում՝ իրենց համոզելով հնարավոր է, որ միանան, պետք է լինի համաժողովրդական հուժկու ճնշում, իրենք տեղիՔ տան ժողովրդի ճնշմանը և միանան։ Ի սկզբանե մենք էդ տեսակետին ենք։ Հիմա եթե հավելյալ հարցեր տաք գործընթացի մասին, ես չեմ կարող պատասխանել, քանի որ չգիտեմ՝ մեր գործընկերներն ինչ քայլեր ունեն պլանավորած»։  Սաղաթելյանն, ի դեպ, հատուկ շեշտեց՝ «ողջամտությունն ու տրամաբանությունը հուշում են, որ էս պրոցեսը, փաստաթղթերը  պետք ա երկար չմնան դարակում, և պետք ա տեղի ունենա գործընթաց, մենք էդ ակնկալիքն ունենք և ակնկալում ենք ժամկետների հարց»։  Հասկացա՞ք Իշխան Սաղաթելյանի «նամյոկը»՝ ախպեր, մեզնից հասնում էր մեր ստորագրությունները տալը, տվել ենք։ Մնացածը ոնց ուզում եք՝ արեք։

 Ի դեպ, պարոն Սաղաթելյանը երկրորդեց իր քաղաքական պատրոնին ու համաձայնեց նրա՝ ավելի վաղ արած  հայտարարությանը՝ անվստահության գործընթացը պետք է զուգակցվի փողոցային պրոցեսով։  Եթե չկա պրոցես,  կա անվստահության գործընթաց, չի լինի  հաջողություն, այն է՝ ՀՀ վարչապետ կշարունակի լինել Նիկոլ Փաշինյանը։ Քոչարյանն ու նրա խմբակցությունը, կարծես, ուշացումով, բայցևայնպես վերադառնում են պրագմատիզմի դաշտ։ Ինչ խոսք, գովելի է։     



ՀԳ Նշենք, որ  պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը ՊՈՒ-ի հեղինակած վերոհիշյալ հայտարարության նախագծին դեմ է քվեարկել՝ տալով բացասական եզրակացություն:


Հանձնաժողովը որոշել է, որ հայտարարության ընդունման անհրաժեշտությունը բացակայում է։

 


Հ. Մանուկյան