Առողջապահության համաշխարհային կազմակերպության զեկույցի համաձայն՝ աշխարհում ծխելու մակարդակը 15 տարվա ընթացքում նվազել է 27 տոկոսով, սակայն յուրաքանչյուր հինգերորդ չափահասը շարունակում է կախվածություն ունենալ ծխախոտից։
«Ծխողների թիվը 2000 թվականի 1. 38 միլիարդից նվազել է մինչև 1. 2 միլիարդ՝ 2024 թվականին։ 2010 թվականից ի վեր ծխախոտ օգտագործող մարդկանց թիվը նվազել է 120 միլիոնով կամ 27 տոկոսով։ Ծխախոտը դեռևս ազդում է ամբողջ աշխարհում յուրաքանչյուր հինգերորդ չափահասի վրա՝ ամեն տարի հանգեցնելով միլիոնավոր կանխարգելելի մահերի», - այս մասին հաղորդել է ԱՀԿ-ն։
ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը նշել է, որ այդ նշանակալի առաջընթացին ի պատասխան ծխախոտային արդյունաբերությունը հակադարձում է՝ թողարկելով նիկոտին պարունակող նոր արտադրանք, որն ուղղված է երիտասարդությանը:
ԱՀԿ-ն կոչ է արել աշխարհի կառավարություններին ուժեղացնել ծխախոտի դեմ պայքարի ջանքերը։
«Սա նշանակում է փակել այն բացթողումները, որոնք թույլ են տալիս ծխախոտի և նիկոտինի արդյունաբերություններին թիրախավորել երեխաներին, ինչպես նաև կարգավորել նիկոտինային նոր արտադրանքները, ինչպիսիք են էլեկտրոնային սիգարետները: Դա նաև նշանակում է ծխախոտի հարկերի բարձրացում, գովազդի արգելում և ծխելը թողնելու ծառայությունների ընդլայնում՝ միլիոնավոր մարդկանց ծխելը թողնելուն օգնելու համար», - ընդգծել է կազմակերպությունը: