Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի ՊՆ ղեկավարներն Անկարայում եռակողմ հանդիպում կանցկացնեն

Անկարայում տեղի կունենա Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպում, որի ընթացքում կողմերը կքննարկեն ռազմավարական գործընկերությանը վերաբերող հարցեր։


Այս մասին հայտնում է «Սպուտնիկ» գործակալության վրացական ծառայությունը՝ մանրամասնելով, որ վրացական կողմից հանդիպմանը կմասնակցի երկրի փոխվարչապետ և պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանին։


«Երեք երկրների պաշտպանության նախարարները կքննարկեն ռազմավարական գործընկերության հարցեր և եռակողմ ձևաչափով համագործակցության զարգացման ծրագրեր»,- նշել է աղբյուրը, որի փոխանցմամբ՝ Վրաստանի պաշտպանության նախարարը նաև երկկողմ հանդիպումներ կունենա իր թուրք և ադրբեջանցի գործընկերներ՝ Յաշար Գյուլերի և գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի հետ։


Հաղորդվում է, որ եռակողմ հանդիպումից հետո նախարարները կստորագրեն համատեղ հռչակագիր և կհրապարակեն հայտարարություններ։


Նշենք, որ երեք երկրների պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը տեղի է ունենում ամեն տարի, իսկ անցյալ տարի նախարարների հանդիպումը տեղի է ունեցել Բաթումում։